AM
1 Մայիս 2026 - 10:56 AMT

Wildberries-ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները

Wildberries մարկետփլեյսը դադարեցրել է Հայաստանի առևտրային ընկերությունների վաճառքները, ինչի մասին հայտնել է անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ավելի վաղ Մկրտչյանը սոցիալական հարթակներում անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ Հայաստանից իրականացվող վաճառքները կարճ ժամանակում դադարեցվել են առանց որևէ բացատրության, ինչի հետևանքով բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ վիճակում։

«Wildberries մարկետփլեյսը երեկ առավոտվանից սկսել էր քիչ-քիչ փակել հայ վաճառողների ապրանքները։ Այս մասին վաճառողները սկսեցին գրել տելեգրամյան խմբում, որտեղ 2500 ձեռնարկատեր կա։ Երեկ երեկոյան արդեն բոլոր հայկական ԱՁ ու ՍՊԸ ունեցողների ապրանքները փակվեցին Wildberries-ում»,- ասել է Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ ստացվում է, որ հայկական բիզնեսի համար փակվել է արտահանման կարևոր հարթակ, ինչի հետևանքով վաճառքների ծավալները զգալիորեն նվազելու են։

«Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար։ Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը կանգնի փոքր բիզնեսի կողքին։ Ի վերջո, հենց փոքր բիզնեսներն են ձևավորում ապագայի մեծ բիզնեսները»,-ասել է Մկրտչյանը։

Նա նաև նշել է, որ ակնկալում են, որ խնդրի վերաբերյալ պետական մակարդակով կհնչի հստակ պարզաբանում։

Ոչ Wildberries, ոչ ՀՀ պատկան մարմինները դեռ պաշտոնական որևէ մեկնաբանություն չեն տվել

2025 թվականին հայկական ընկերությունները Wildberries հարթակում վաճառքների ծավալները ավելացրել են 122 տոկոսով, իսկ Հայաստանից վաճառողների թիվը նույն ժամանակահատվածում աճել է 106 տոկոսով։

Ավելի ուշ Շուշան Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է նաև OZON–ը: