Սլովակիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևին։
«Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ խորապես շնորհակալ եմ այսօր Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված միջկուսակցական ուժեղ բանաձևի համար՝ հաջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունության»՝ X-ի իր էջում գրել է Միրիամ Լեքսմանը, հայտնում է 1lurer.am-ը:
Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը 476 կողմ, 47 դեմ և 48 ձեռնպահ ձայներով ընդունել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվել է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։
Փաստաթուղթը աջակցել է 2026 թ. հունիսին Հայաստանում խորհրդարանի ազատ, արդար և խաղաղ ընտրությունների անցկացմանը՝ ընդգծելով, որ քվեարկության արդյունքները պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Միաժամանակ շեշտվել է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման և ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտությունը։





