AM
1 Մայիս 2026 - 12:15 AMT

Wildberries-ը՝ ՀՀ-ից վաճառքի արգելքի մասին․ Փոխվել են մաքսային կանոնները

Wildberries ընկերությունը պարզաբանել է Հայաստանի առևտրային ընկերությունների վաճառքների դադարեցման փաստը՝ տեղեկացնելով, որ ապրիլի 20-ից Ռուսաստանում փոփոխվել են մաքսային ձևակերպման կանոնները։

Հաղորդագրության մեջ նշվել է, որ ներկայիս զարգացումները պայմանավորված են Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպման ընթացքում որոշ ապրանքատեսակների նկատմամբ լրացուցիչ վերահսկողության մեխանիզմների կիրառմամբ։

Նշվում է, որ ընկերությունը գտնվում է գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական երկխոսության մեջ և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։

«Այս աշխատանքի շրջանակում կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին մասնակցել է ավելի քան 50 ձեռնարկատեր։ Ընկերության ներկայացուցիչները գործընկերների հետ քննարկել են առաջացող հարցերը, լսել հետադարձ առաջարկությունները և շարունակում են համատեղ մշակել հնարավոր լուծումները։

Ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում փոփոխվել են մաքսային ձևակերպման կանոնները։ Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր՝ անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։

Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնությունում պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։

Բոլոր հարցերը քննարկվում են սահմանված կարգով՝ համապատասխան կողմերի մասնակցությամբ։ Ընկերությունը հույս ունի իրավիճակի փուլային կարգավորման վրա և կտեղեկացնի էական փոփոխությունների մասին դրանց առաջացմանը զուգընթաց»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Wildberries մարկետփլեյսը դադարեցրել է Հայաստանի առևտրային ընկերությունների վաճառքները: Հայաստանից իրականացվող վաճառքները կարճ ժամանակում դադարեցվել են առանց որևէ բացատրության, ինչի հետևանքով բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ վիճակում։