AM
1 Մայիս 2026 - 13:01 AMT

Պապոյան. «Ջերմուկի» հետ կապված հարցեր կլուծվեն՝ էդպիսի հարցե՞ր ենք լուծել

«Ջերմուկի» հետ կապված բոլոր հարցերն էլ կլուծվեն, հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում հանքային ջրի խոշոր խմբաքանակի վաճառքի արգելքին: Նա այդ մասին ասել է Մայիսի 1-ի առիթով կազմակերպված միջոջացման ժամանակ լրագրողների հետ զրույցում:

«Էդպիսի հարցե՞ր ենք լուծել։ Ամեն ինչ կլուծվի։ Չեմ տեսնում որևէ հարց, կլուծենք», – ասել է Պապոյանը, Panorama.am-ը:

Նախարարը նշել է, որ տվյալ խնդրի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։

Պապոյանը հավելել է, որ որոշ կոնյակ արտահանողների գործունեությունն ինքն է ժամանակավորապես դադարեցրել՝ ստուգումների նպատակով։

«Բա պետություն ենք, պետք է մեր երկրից դուրս եկող ապրանքի համար որակական չափաշները բարձր դնել։ Հավատացած եմ, որ «Ջերմուկը» բարձր որակի է, համապատասխանում է բոլոր ստանդարտներին, կասկած չունեմ, որ «Ջերմուկի» հարցը լուծվելու է, շարունակելու ենք «Ջերմուկ» արտահանել»,-ասել է նա:

Վերջին օրերին Ռուսաստանի «Ազնիվ նշան» պետական մակնշման համակարգը «Ռոսպոտրեբնադզորի» անունից արգելափակել է «Ջերմուկ» հանքային ջրի նախ 338,000, ապա 1․1 մլն շշի վաճառքը։