AM
4 Մայիս 2026 - 09:38 AMT

Ալիևը խոսել է ՀՀ հետ խաղաղությունից և մեղադրանքներ հնչեցրել Եվրախորհրդարանի հասցեին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը տեսակապով է միացել Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հայտարարել է, որ «իր մասնակցությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը իրականություն է», հայտնում է APA-ն:

Նա հայտարարել է, որ արդեն ինը ամիս է, ինչ երկրներն ապրում են խաղաղ պայմաններում և փորձում են հարմարվել այդ իրողությանը։

Ալիևը նաև մեղադրանքներ է հնչեցրել Եվրախորհրդարանի հասցեին՝ նշելով, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը նույնքան արժեք ունի, որքան ցանկացած այլ երկրի, և երկակի չափանիշներն անթույլատրելի են», գրում է Report. az-ը:

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական պահումը՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Այն նաև ընդգծել է, որ կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի վրա։

Նա նշել է, որ ոչ բոլոր եվրոպական ինստիտուտներն են ցուցաբերել նույն մոտեցումը, ինչ Եվրոպական հանձնաժողովը՝ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին աջակցելու հարցում։ Նրա խոսքով՝ այդպիսի կառույցներից են Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ)։

Ըստ Ալիևի՝ Եվրախորհրդարանը «խաղաղ գործընթացին աջակցելու փոխարեն զբաղվում է այն խաթարելով»։ Նրա խոսքով՝ 2021 թվականի մայիսից՝ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ավարտից շուրջ վեց ամիս անց, մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը Եվրոպական խորհրդարանը ընդունել է 14 բանաձև, որոնք պարունակել են «վիրավորական ձևակերպումներ» և, ըստ նրա, «ոչ հավաստի տեղեկություններ Ադրբեջանի վերաբերյալ»։

«Վերջինը ընդունվել է ընդամենը չորս օր առաջ՝ միտումնավոր հենց գագաթնաժողովից առաջ։ Փոխանակ զբաղվելու որոշ անդամ երկրների հիմնարար խնդիրներով, ինչպիսիք են քսենոֆոբիան, իսլամաֆոբիան, հակասեմիտիզմը, միգրացիան, մրցունակությունը և անօթևանների խնդիրները, Եվրոպական խորհրդարանը թիրախ է դարձնում Ադրբեջանին՝ տարածելով զրպարտություն և սուտ։

Պատճառն այն է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, վերջ է դրել անջատականությանը և պատասխանատվության է ենթարկել ռազմական հանցագործներին։ Ի պատասխան՝ Ադրբեջանի խորհրդարանը մայիսի 1-ին պաշտոնապես որոշում է ընդունել կասեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ բոլոր ուղղություններով, դադարեցնել մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությանը, ինչպես նաև նախաձեռնել «Եվրոնեստ» խորհրդարանական վեհաժողովում անդամակցության դադարեցման գործընթաց», – ասել է Ալիևը։

Եվրոպական խորհրդարանը վերահաստատել է իր աջակցությունը արցախահայության իրավունքներին, ներառյալ ինքնության և սեփականության պաշտպանության հարցերը։ Այն հստակորեն կոչ է արել ապահովել նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքներով։ Բացի այդ, պահանջվել է պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և առաջարկվել է իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։