Հայաստանը, որը երկար ժամանակ համարվել է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը Հարավային Կովկասում, ընդունում է եվրոպական առաջնորդների մասնակցությամբ երկու աննախադեպ գագաթնաժողով, գրում է BBC-ն։
«Երկրի համար, որի բնակչությունը երեք միլիոնից պակաս է, այս իրադարձության նշանակությունը դժվար է գերագնահատել․ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որը ստեղծվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, և երկրի տարածքում տեղակայված է ռուսական ռազմաբազա»,-ասվում է հոդվախում:
Երևանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին մասնակցում են ավելի քան 30 եվրոպական առաջնորդներ և Կանադայի վարչապետը։ Հաջորդ օրն անցկացվելու է առաջին երկկողմ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի մասնակցությամբ։
Նշվում է, որ Հայաստանը զգալիորեն կախված է Ռուսաստանից էներգետիկ առումով։ Այն ռուսական գազ է ձեռք բերում արտոնյալ պայմաններով, ինչը Պուտինը հատուկ ընդգծել է ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի ընթացքում։ Նա նշել է, որ Ռուսաստանը գազը Հայաստանին է վաճառում 1000 խմ-ի համար 177․5 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այն հասել է 600 դոլարի։
«Տարբերությունը մեծ է, այն նշանակալի է», — ասել է Ռուսաստանի նախագահը։
«Ինչպե՞ս է ստացվել, որ Ռուսաստանին այդքան կապված երկիրը դարձել է եվրոպական առաջնորդների հիմնական հարթակը։ Բեկումնային պահը եղել է 2023 թվականի պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այդ ժամանակ Ադրբեջանը սկսել է արագ ռազմական գործողություն՝ նպատակ ունենալով վերջնականապես վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ տեղահանելով ավելի քան 100,000 հայերի։ Ռուսաստանը, որն այնտեղ խաղաղապահներ ուներ, մնացել է պասիվ։
Նախկինում ևս Ադրբեջանի ներխուժումները Հայաստանի տարածք չեն ստացել պատասխան ՀԱՊԿ-ից, որը ղեկավարում է Ռուսաստանը։
«Մենք հասկացել ենք, որ գործող անվտանգության ճարտարապետությունը չի գործում», — հայտարարել է Ազգային ժողովի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սերգիս Խանդանյանը:
Մեկ տարի առաջ ԵՄ-ն միջնորդել է սահմանների ճանաչման համաձայնագրի շուրջ, որի շրջանակում տեղակայվել է քաղաքացիական դիտորդական առաքելություն։
«Եվրոպական միության ֆիզիկական ներկայությունը փոխել է մեր քաղաքացիների ընկալումը: Մենք հասկացել ենք, որ բնակչության շրջանում կա պահանջ՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների համար»,- նշել է Խանդանյանը։
2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանը ընդունել է ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք։ Միաժամանակ արագացել է նաև հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը։ Օգոստոսին երկու երկրների առաջնորդները Սպիտակ տանը ստորագրել են պատմական համաձայնագիր՝ ուղղված երկարատև հակամարտության ավարտին։
Նույն վայրում նրանք հայտարարել են «Թրամփի երթուղի» նախաձեռնության մեկնարկի մասին, որը նախատեսում է ստեղծել խոշոր տրանսպորտային միջանցք՝ Իրանի սահմանին զուգահեռ և տարածաշրջանը կապելով եվրոպական շուկաների հետ»,-ասվում է հոդվածում:
Նշվում է,․ որ, այնուամենայնիվ, խաղաղ գործընթացը շարունակում է մնալ անկայուն, իսկ Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցումը առաջացրել է նաև դիվանագիտական խնդիրներ։
Անցյալ շաբաթ Ադրբեջանի խորհրդարանը քվեարկել է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու օգտին՝ ի պատասխան այն բանաձևի, որը կոչ է արել ապահովել 2023 թվականին Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը և ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին։
Նշվում է, որ Մոսկվան նկատելի դժգոհությամբ է հետևում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների խորացմանը։
Նշվում է նաև, թե Կրեմլում հանդիպման ժամանակ Պուտինը քմծիծաղ է տվել, երբ Փաշինյանը խոսել է Հայաստանի ազատությունների մասին։
«Հայաստանում սոցիալական ցանցերը 100 % ազատ են, առանց որևէ սահմանափակման», — ասել է Փաշինյանը։ Ռուսաստանում արևմտյան հիմնական հարթակներն արգելափակված են։
Պուտինը նաև հիշեցրել է, որ ԵՄ-ին միանալու ձգտումը անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությունում անդամակցության հետ։
«Անհնար է միաժամանակ լինել մաքսային միությունում ինչպես Եվրոպական միության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության հետ», — նշել է նա՝ ավելացնելով, որ դա «պարզապես անհնար է ըստ սահմանման»։
ԵՊՀ գագաթնաժողովից օրեր առաջ Ռուսաստանը արգելել է հայկական հանքային ջրի ներմուծումը։
«Սա դասական օրինակ է, թե ինչպես են գործում հիբրիդային սպառնալիքները», — ասել է CyberHUB-AM-ի ներկայացուցիչ Արթուր Պապյանը։
Նրա խոսքով՝ եվրոպամետ հայտարարություններին կամ Բրյուսել այցերին հաճախ հաջորդել են վրաց-ռուսական սահմանին հայկական բեռնատարների կանգնեցումներ, ինչպես նաև հաքերային սպառնալիքներ պետական կայքերի դեմ։
Անցյալ ամիս ԵՄ-ն հաստատել է նոր քաղաքացիական առաքելություն Հայաստանում առաջիկա երկու տարվա համար՝ նպատակ ունենալով հակազդել ռուսական ապատեղեկատվությանը, կիբերհարձակումներին և անօրինական ֆինանսական հոսքերին՝ հատկապես հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ։
Այն ստեղծվել է Մոլդովայում իրականացված նմանատիպ ծրագրի օրինակով, որտեղ 2025 թվականի ընտրություններից հետո եվրոպամետ ուժերը պահպանել են իշխանությունը։
«Ես ուսումնասիրել եմ այս դեպքերը, հատկապես Մոլդովայում և Ռումինիայում, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցածները: Ես տեսնում եմ, որ այստեղ նկատվում են ընդհանուր մարտավարություններ և տեխնոլոգիական գործընթացներ»,-ասել է Պապյանը:
Հունվարին նրա թիմը գրանցել է WhatsApp-ի վրա լայնածավալ հարձակում, որի հետևանքով կոտրվել են հարյուր հազարավոր հաշիվներ։ Նրա խոսքով՝ այդ հարթակը լայնորեն օգտագործվում է պաշտոնյաների կողմից։
Մեկ այլ գործողության ընթացքում հաքերները ստեղծել են կեղծ Signal հաշիվ՝ ներկայանալով որպես ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս և հրավիրել ՀԿ ղեկավարներին կեղծ համաժողովի։ Գրանցման հղումը վստահելի է թվացել, և նույնիսկ փորձառու մասնագետները խաբվել են։ Հետաքննությունը ցույց է տվել, որ IP հասցեները կապված են եղել Մոսկվայի մերձակայքում գտնվող Զելենոգրադ քաղաքի հետ։
«Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները գործում են և հասել են իրական առաջընթացի, սակայն դրանց վրա ճնշում է գործադրվում», — հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։
Նա ընդգծել է, որ հիմնական ռիսկերը ընտրություններից առաջ կապված են արտաքին միջամտության, ապատեղեկատվության և առցանց բևեռացման հետ։
Նրա խոսքով՝ Հայաստանը ունի որոշ իրավական գործիքներ, սակայն «դրանք դեռևս լիովին չեն համապատասխանում սպառնալիքների մասշտաբին և բարդությանը»։
«Եվրոպական առաջնորդները Երևան են ժամանել՝ խոստանալով քաղաքացիական նախաձեռնություններ և վիզային ռեժիմի մեղմացում առաջիկա երկու տարում, սակայն ԵՄ անդամակցության ժամկետներ, պաշտպանական պարտավորություններ կամ ռուսական գազին փոխարինելու հստակ ծրագրեր դեռևս չեն սահմանվել։
Այսպիսի անորոշ պայմաններում Հայաստանի «բալանսավորումը» Ռուսաստանի և Արևմուտքի միջև դեռևս ավարտված չէ«-ասվում է հոդվածում:





