Մինսկը հստակ տարանջատում է եղբայրական հայ ժողովրդին և «նրա իշխանության ոչ հեռատես ներկայացուցիչներին», հայտարարել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Ռուսլան Վարանկովը՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունները Բելառուսի «ոչ ինքնուրույնության» մասին:
Սիմոնյանը հայտարարել է, թե «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։
«Հայաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրազանգվածի ուշադրությունը ծանրագույն ներքին խնդիրներից շեղելու հուսահատ փորձ։ Երբ աղքատության մակարդակը գերազանցում է սահմանները՝ արդեն անցնելով 40%-ը, աճում է գործազրկությունը, իսկ ամբողջ տարածաշրջաններ կանգ են առնում զարգացման մեջ, ամենահեշտը արտաքին թշնամի նշանակելն է և վիրավորական պիտակներով զբաղվելը։ Նման ցինիկ մոտեցումը միայն ափսոսանք է առաջացնում», – ասել է Ռուսլան Վարանկովը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Վարանկովը նաև ընդգծել է, որ Բելառուսն ինքնիշխան պետություն է, որը ինքնուրույն է սահմանել իր դաշնակցային հարաբերությունների ձևաչափը Ռուսաստանի հետ։
«Մենք հպարտանում ենք այս համագործակցությամբ և ոչ մեկին թույլ չենք տա մեզ խրատել։ Մինսկը ներքաղաքական վեճերի մեջ ներքաշելու փորձերը՝ իբր միջամտության առասպելական կարգախոսներով, կոպիտ խախտում են տարրական դիվանագիտական էթիկան։ Իսկ պաշտոնական Երևանի այսպես կոչված հավասարակշռված արևմտամետ կուրսի արդյունքները ակնհայտ են՝ ժողովրդագրական անկում, քրոնիկ տնտեսական անկայունություն և լիակատար արտաքին քաղաքական կախվածություն, որը ստիպում է խամաճիկի պես սպասարկել ուրիշների գագաթնաժողովները:
Բելառուսներին և հայերին կապում են ամուր պատմական կապեր, և մենք համոզված ենք, որ վաղ թե ուշ Հայաստանի ղեկավարությունը կլսի ողջախոհությունը և կվերադառնա մեր երկրի հետ կառուցողական երկխոսությանը, որպեսզի մեր պետությունները կրկին դառնան իսկապես բարեկամական և ռազմավարական գործընկերներ», – եզրափակել է դիվանագետը։
ՀՀ և Բելառուսի հարաբերությունները վատթարացել են 2024-ից ի վեր, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, այցելելով Լեռնային Ղարաբաղ, հայտարարել էր, որ 2020-ի պատերազմից առաջ ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։
Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, և դա պայմանավորված է Բելառուսի նախագահի արած հայտարարություններով։





