Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի ընտրության հարցը։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Գալստյանն իր ելույթում ասել է, որ թեև հաջողվել է հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ և ապահովել գների կայունությունը, իրենք գիտակցում են, որ անորոշ և արագ փոփոխվող աշխարհում ցածր և կայուն գնաճային միջավայրի ապահովումը պահանջում է նոր մոտեցում, հայտնում է 1lurer.am-ը:
Նա նշել է, որ Կենտրոնական բանկը շրջահայացորեն արձագանքել է գնաճային ցնցումներին՝ կանխարգելիչ կերպով բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճային սպասումները խարսխելու և նվազագույն ծախսերով գնաճի խնդիրը հաղթահարելու նպատակով:
«Մենք արձագանքել ենք նաև ճկուն փոխարժեքի քաղաքականության միջոցով, ինչը հնարավորություն է տվել ոչ միայն զսպել գնաճը, այլ նաև խնայել և ժամանակի ընթացքում ավելացնել պետական պահուստները՝ դրանք հասցնելով աննախադեպ բարձր մակարդակի»,- հայտնեց Գալստյանը:
Գալստյանը նշել է, որ ՀՀ ԿԲ-ն դարձել է աշխարհում առաջին կենտրոնական բանկը, որը մշակել և ներդրել է ռիսկերի կառավարման վրա հիմնված դրամավարկային քաղաքականության կառուցակարգ՝ ապահովելով ապագա մարտահրավերներին առավել ճկուն և պատրաստված արձագանքելու հիմք։
«Ոզում եմ հատուկ նշել, որ 2025 թվականին ԿԲ-ի նախաձեռնությամբ Ազգային ժողովը նվազեցրել է գնաճային նպատակի ցուցանիշը՝ 4 տոկոսից սահմանելով 3 տոկոս: Գնաճի նպատակային ցուցանիշի նվազեցումը, վստահ եմ, կարևոր դրական ազդեցություն է ունենալու երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովման, երկրում ներդրումային գրավչության բարձրացման և հասարակության բարեկեցության բարելավման վրա»,- նշել է թեկնածուն:
Մարտին Գալստյանը զբաղեցնում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը 2020-ի հունիսի 13-ից։ Մինչ այդ նշանակումը նա 2018-2020 թթ․ եղել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ, 2015-2018 թթ․, ղեկավարել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը։ 2006-2015 թվականներին գլխավորել է ՀՀ ԿԲ վիճակագրության վարչությունը։
Մարտին Գալստյանը Կենտրոնական բանկում իր գործունեությունը սկսել է 1998 թվականին՝ որպես ֆինանսական շուկաների վարչության մասնագետ։ Այնուհետև զբաղեցրել է պորտֆելի ավագ կառավարչի պաշտոնը, 2004-2005 թվականներին եղել է միջազգային պահուստների կառավարման բաժնի պետ, իսկ 2005-2006 թվականներին՝ տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի ղեկավար։





