Հայաստանը կարող է դառնալ առևտրային նոր ուղիների տարածաշրջանային կենտրոն, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի շրջանակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։
Նրա խոսքով՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը գործընկերության համատեքստում կնպաստի համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն։
«Հայաստանն իսկապես, ինչպես Դուք ասացիք, ամենակարճ երթուղին է ապահովում դեպի Կենտրոնական Ասիա և Կասպյան ծով Եվրոպայի հետ։ Նախկինում պատերազմի և աշխարհաքաղաքական նկատմամբ բերումով այդ երթուղին փակ էր, այժմ դուք դա փոխում եք՝ շնորհիվ Ձեր խիզախ ընտրության՝ հանուն խաղաղության և ավելի մեծ ինտեգրման Եվրոպական ցանցերի մեջ։ Դրա միջոցով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն»,-ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:
Նա հավելել է, որ Եվրոպան պատրաստ է օժանդակել այդ հարցում։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջին գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելու համար։
«Միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել Հայաստանի և Եվրոպայի միջև, մեր կապերը առասպելների և հինավուրց քաղաքակրթություններից են սերում։ Բայց ոչ միայն մեր պատմությունն ու մշակույթն է, որ մեզ միավորում է, ոչ միայն մեր հինավուրց կապերը, այլ նաև այն հնարավորությունները, որոնք դեռևս մեր առջևում են, դրանք էլ են մեզ միավորում։ Եվ իսկապես, Հայաստանը և Եվրոպական Միությունն ավելի մոտ են, քան երբևէ եղել են»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Ամփոփելով իր խոսքը Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է․ «Շնորհակալություն ձեր սքանչելի հյուրընկալության համար»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որի շրջանակում հնչել են ԵՄ և ՀՀ օրհներգները, կայացել է զինվորական քայլերթ։ Հաջորդիվ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցն Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։





