Իսակով-Արշակունյաց պողոտաները միացնող ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը կտրվելու է առաջիկա օրերին։ Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական նիստի ընթացքում Տիգրան Ավինյանին զեկուցվել է, որ շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 18 ամիս անց։
Քաղաքապետը նշել է, որ Արշակունյաց-Իսակով ճանապարհների միացումը Երևան քաղաքի ճանապարհային ցանցի բեռնաթափման առումով կարևորագույն նշանակություն ունի։
«Մեկ ու կես տարի հետո մենք ունենալու ենք Իսակովն Արշակունյացին միացնող ևս մեկ կամուրջ, որն անցնելու է Նորագյուղ թաղամասի հարակից հատվածով, որտեղ ենթադրվում է ևս մեկ խոշոր ներդրումային ծրագիր իրականացնել»,-ասել է քաղաքապետը։
Ավինյանի խոսքով՝ Նորագավիթի էստակադայի կառուցման նախագծի մրցութային փուլերն արդեն ավարտվել են, իսկ Շերամի փողոցի հատվածում ՀՀ կառավարության որոշմամբ մայիսի վերջին մեկնարկելու է շինարարությունը։
Քաղաքապետը նաև անդրադարձել է Գյուրջյան փողոցի շինարարությանը՝ նշելով, որ այն էապես թեթևացնելու է երթևեկությունը հատկապես պիկ ժամերին։





