AM
5 Մայիս 2026 - 10:42 AMT

ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել ՀՀ-ում կուտակիչ կայանների զարգացմանը

Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում կուտակիչ կայանների զարգացմանը՝ էներգետիկ համագործակցության շրջանակում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում նշել է, որ կողմերը ձևավորել են լուրջ համատեղ նախագծեր՝ միավորելու Հայաստանի ռեսուրսները և ԵՄ-ին հասանելի տեխնոլոգիական հնարավորությունները, հայտնում է 1lurer.am-ը:

«Այստեղ էլ, իմիջիայլոց, պատմական փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ-ի համար: ՀՀ-ն պատմականորեն համարվել է էներգետիկ ռեսուրսների տեսակետից սահմանափակ, այսինքն՝ էներգետիկ ռեսուրսներ չունեցող երկիր, և այդ առումով, բնականաբար, էներգետիկ կախյալ երկրների շարքում է դասվել: Բայց նոր ժամանակներում պարզվել է, որ Հայաստանն ունի անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ, որովհետև Հայաստանում մենք ունենք տարածաշրջաններ, ռեգիոններ, որտեղ արևային օրերի քանակը գերազանցում է 300-ը. սա նշանակում է, որ արևային էներգետիկայի զարգացման անսահմանափակ հնարավորություններ կան մեր երկրում: Այն, ինչը մեզ պակասում է, կուտակիչ կայաններն են, և ես շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին կուտակիչ կայանները Հայաստանում զարգացնելու ուղղությամբ մեզ աջակցելու պատրաստակամության համար»,- ասել է նա:

Ըստ Փաշինյանի՝ այսօր քննարկումներ կան նաև կուտակիչ այլ տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ, որոնք հենված են ջրի ցերեկային կուտակման ու գիշերային ժամերի օգտագործման վրա: Ըստ այդմ՝ ԵՄ-ի հետ աշխատանք է իրականացվում նաև կանաչ ջրածնի արտադրության տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ և այլ հնարավոր ուղղություններով:

«Ռազմավարական առումով մենք համոզված ենք, որ ճիշտ ճարտարապետության վրա հենվելու պարագայում Հայաստանը կարող է լինել ոչ միայն էներգետիկ առումով ինքնաբավ երկիր, այլև կարող է էներգետիկ արտահանման պոտենցիալն է՛լ ավելի զարգացնել»,- ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որի շրջանակում հնչել են ԵՄ և ՀՀ օրհներգները, կայացել է զինվորական քայլերթ։ Հաջորդիվ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցն Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։