ՀՀ-ն անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր է, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի բացման ժամանակ:
«Մեր իրականության մեջ ասվում էր, դա մեր ընդհանուր ընկալումն էր, որ ՀՀ-ն էներգետիկ ռեսուրսներ չունեցող երկիր է, և դա ճշմարտություն էր: Եվ այս արտահայտությունը ցույց էր տալիս Հայաստանի խոցելիությունները էներգետիկ և մնացած առումներով, բայց ես ուզում եմ ասել, որ չնայած ոչինչ չի փոխվել ՀՀ-ի պարամետրերում, հիմա ՀՀ-ն անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր է»,- ասել է Փաշինյանը, հայտնում է 1lurer.am-ը:
Վարչապետն ընդգծել է, որ ժամանակակից պայմաններում երկրի աշխարհագրական դիրքի ընկալումը կարող է փոխվել՝ առանց ֆիզիկական փոփոխությունների։
«Սա մեր ժամանակների ամենահետաքրքիր հանգամանքն է, երբ որ կարող է երկիրը լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց նրա աշխարհագրական դիրքը [կարող է] փոխվել: Կարող է երկիրը էներգետիկ ռեսուրս չունեցողից տրանսֆորմացվել անսահմանափակ էներգետիկ ռեսուրս ունեցող երկրի:
Ո՛չ, ես ոչ մի գաղտնի բան չեմ պահում. ՀՀ-ում նավթի և գազի հանքեր չեն հայտնաբերվել, և ՀՀ-ն, ինչպես բազմաթիվ այլ երկրներ, անսահմանափակ էներգետիկ պոտենցիալ ունեն արևային էներգիայի զարգացման բերումով, և մեր խնդիրն է առաջիկայում կենտրոնանալ այս խնդրի վրա՝ ՀՀ-ի համար ի հայտ եկած անսահմանափակ պոտենցիալը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտի, օգտագործելու նպատակով»,- նշել է նա։





