AM
5 Մայիս 2026 - 12:53 AMT

Արցախի հանձնախումբը Շվեյցարիայում քննարկել է արցախցիների վերադարձի և հրատապ հումանիտար խնդիրներ

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբը Շվեյցարիայում քննարկել է արցախցիների վերադարձի և հրատապ հումանիտար խնդիրները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակության հետ, աշխատանքային այցով գտնվել է Շվեյցարիայում։

Հանձնախմբի հաղորդմամբ՝ միջազգային մարդասիրական կառույցների հետ հանդիպումների ընթացքում առաջնահերթ ուշադրություն է դարձվել արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի ապահովմանը և տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակի հաղթահարմանը։

Քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև Արցախի մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման կանխման հարցերին։

Ապրիլի 30-ին Շվեյցարիայի դաշնային խորհրդարանում անցկացվել է Արցախին նվիրված միջոցառում՝ շվեյցարացի պատգամավորների, փորձագետների, հայկական համայնքի ներկայացուցիչների և «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» կազմակերպության մասնակցությամբ։

Միջոցառման բացմանը ելույթ են ունեցել պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը՝ խստորեն քննադատելով միջազգային հանրության անգործությունը։ Ֆոնտոբելը նշել է. «Շվեյցարիան ունի համապատասխան փորձագիտական ներուժ, ավանդույթներ և վստահություն՝ նման խաղաղ գործընթաց հնարավոր դարձնելու համար, և դա ստանձնելը մեր պարտքն է»։

Հայկական կողմից ելույթներով հանդես են եկել Աշոտ Դանիելյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, ինչպես նաև հանձնախմբի անդամներ Արմինե Ալեքսանյանը, Գառնիկ Քերքոնյանը և Մարիո Նալբանդյանը՝ ներկայացնելով արցախահայության ներկայիս իրավիճակը և ընդգծելով արժանապատիվ վերադարձի կարևորությունը։

Այցի ավարտին պատվիրակությունը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ Արցախի հարցը փակված չէ և չի կարող դուրս մնալ միջազգային օրակարգից, քանի դեռ արցախահայությունը չի վերադարձել իր հայրենիք, և հակամարտությունը չի ստացել միջազգային իրավունքի վրա հիմնված արդար լուծում։

Ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել և վերահաստատել է իր աջակցությունը արցախահայության իրավունքներին, ներառյալ ինքնության և սեփականության պաշտպանության հարցերը։ Այն հստակորեն կոչ է արել ապահովել նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքներով։ Բացի այդ, պահանջվել է պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և առաջարկվել է իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։