AM
6 Մայիս 2026 - 06:17 AMT

Ռուբինյանն ու Քըլըչը ընդգծել են հետաքրքրվածությունը երկաթուղու հնարավորինս արագ գործարկման հարցում

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» ընթացքում կայացած հանդիպմանն անդրադարձել են ՀՀ և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի զարգացումներին, ողջունել Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և գործարկման հարցերով համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը։

Այդ համատեքստում նրանք ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի փոխադարձ հետաքրքրվածությունը՝ ապահովելու երկաթուղու հնարավորինս արագ գործարկումը, հայտնում է Արմենպրեսը:

Բացի այդ, հատուկ ներկայացուցիչները կարևորել են պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ արձանագրության ստորագրումը։ Նրանք նշել են, որ այդ նախաձեռնությունը կխթանի երկկողմ համագործակցությունը, կընդլայնի ինստիտուցիոնալ կապերն ու զգալի նպաստ կբերի տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը։

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանն ու Թուրքիան դեռ չեն քննարկել սահմանի բացման ժամկետների հարցը, և հավելել, որ Հայաստանում զգում է իրեն ինչպես տանը: