AM
6 Մայիս 2026 - 10:36 AMT

FlyOne Armenia-ն երկու A321neo օդանավ կգնի Airbus-ից

FlyOne Armenia-ն հայտարարել է Airbus ընկերության հետ ռազմավարական նշանակության համաձայնագրի ստորագրման մասին՝ երկու Airbus A321neo (A321-200NX) դասի օդանավ ձեռք բերելու վերաբերյալ։

Համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ՝ FlyOne Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի և Airbus ընկերության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նախագահ, վաճառքի գծով փոխնախագահ Շարբել Յուզկաթլիի կողմից՝ ընդգծելով համագործակցության բարձր մակարդակն ու միջազգային նշանակությունը։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել։ Airbus ընկերության անունից ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել FlyOne Armenia-ին՝ համագործակցության հետևողական ամրապնդման և A320 ընտանիքի նկատմամբ ցուցաբերվող վստահության համար, հատկապես՝ A321neo մոդելի ընտրության առումով»,- նշել է Յուզկաթլին։

Արամ Խաչատրյանը տեղի ունեցածը գնահատել է որպես պատմական քայլ ոչ միայն ընկերության, այլև Հայաստանի համար։

«Այսօր մենք բոլորս ականատես եղանք չափազանց կարևոր իրադարձության։ FLYONE ARMENIA-ն Airbus ընկերության հետ կնքեց համաձայնագիր Airbus A321neo տիպի օդանավերի ձեռքբերման վերաբերյալ, որը կարելի է համարել պատմական քայլ ինչպես Հայաստանի ավիացիայի, այնպես էլ մեր ընկերության համար։ Այս գործարքը միայն օդանավերի ձեռքբերում չէ․ այն ներառում է նաև ուսուցման և զարգացման լայնածավալ ծրագրեր, որոնք առաջիկա տարիներին կիրականացվեն Airbus-ի կողմից։ Սա մեզ կբարձրացնի նոր մակարդակի՝ թե՛ համագործակցության, թե՛ որակական ցուցանիշների առումով։ Մենք հպարտ ենք լինել այս կարևոր նախաձեռնության մաս»,- նշել է նա։

Նոր սերնդի Airbus A321neo օդանավերը տարբերվում են վառելիքային բարձր արդյունավետությամբ, նվազեցված արտանետումներով և բարձր հարմարավետությամբ՝ ապահովելով ուղևորների համար ժամանակակից և որակյալ թռիչքային փորձ։

Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հռչակագրի ստորագրումը կայացել է Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում: