Ադրբեջանական իշխական լրատվամիջոցներն արշավ են սկսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի դեմ, որը Երևանում ասել է, որ Հայաստանում «իրեն զգում է՝ ինչպես տանը»։
Նրա այս հայտարարությունները դժգոհություն են առաջացրել Բաքվի քարոզչական շրջանակներում։ Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները նշել են, թե նրա հռետորաբանությունը հակասում է թուրքական իշխանությունների պաշտոնական դիրքորոշմանը և կարող է ընկալվել որպես ազգային շահերից շեղում, գրում է Factor.am-ն ադրբեջանական Oxu.az-ի վրա հղումով:
Ադրբեջանական լրատվականը գրել է, թե Քըլըչի հայտարարությունները «Հայաստանում այնքան տարօրինակ են, որ թվում է, թե նա հյուր չէ Երևանում, այլ տանտեր։
«Անհնար է չզարմանալ թուրք դիվանագետի հայտարարություններից, չհաշված այն հարմարավետության զգացումը, որը զգացել է այն երկրում, որտեղ երկու շաբաթ առաջ այրվել է իր երկրի դրոշը։ Սերդար Քըլըչի խոսքերը ցույց են տալիս, որ նա ամեն ինչից վեր է դասում ոչ թե իր երկրի, այլ հայերի շահերը, և անում է ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար։
Ընդգծելով, որ Լոս Անջելեսում և Բեյրութում իր աշխատանքի ընթացքում ապրել է հայերի մեջ, դիվանագետը նշել է, որ կարգավորման գործընթացի հենց սկզբից ինքը մի շարք առաջարկներ է արել իր հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, և որ այդ առաջարկներն անելիս առաջնորդվել է հայերի շահերով, այլ ոչ թե Թուրքիայի։ Այս հայտարարությամբ նա նկատի ուներ միայն այն, որ երկար տարիներ ապրել է հայերի մեջ և լավ է ճանաչում նրանց»,- գրում է լրատվամիջոցը։
Նշվել է, թե «Քըլըչի հայտարարություններն արտացոլում են ոչ թե թուրքական պետության, այլ Սերդար Քըլըչի անձնական դիրքորոշումը»։
«Սերդար Քըլըչին, ով իրեն զգում է ինչպես տանը Երևանում, պետք է հիշեցնել, որ իր «տան» կենտրոնում կանգնեցվել է, այսպես կոչված, Հայոց ցեղասպանությանը նվիրված հսկայական հուշարձան, և նրա մասնակցած գագաթնաժողովի բազմաթիվ մասնակիցներ խոնարհվել են դրա առջև։ Այս հուշարձանը մարմնավորում է համաշխարհային պատմության մեջ թուրքական պետության և ժողովրդի նկատմամբ ամենամեծ զրպարտչական ճնշումներից մեկը»,- գրել է լրատվամիջոցը, որը զբաղվում է Հայոց ցեղասպանության ժխտմամբ։
Ադրբեջանական իշխանամետ տարբեր աղբյուրներում Քըլըչի վերաբերյալ նույնաբովանդակ այլ հրապարակումներ ևս հայտնվել են։
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանն ու Թուրքիան դեռ չեն քննարկել սահմանի բացման ժամկետների հարցը, և հավելել, որ Հայաստանում զգում է իրեն ինչպես տանը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը, մինչդեռ նրա երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը:





