Զբոսաշրջային բում ունենք ու դա շարունակվելու և աճելու է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2026 թ ապրիլին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39% աճ է ունեցել, պատկերացնո՞ւմ եք։ Հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 34% աճ է տեղի ունեցել։ Ես մի քանի անգամ հարցրել եմ՝ ճի՞շտ է էս թիվը, համոզվա՞ծ եք»,-ասել է նա կառավարության նիստում, հայտնում է Panorama.am-ը:
Էկոնոմիկայի նախարար Գեևորգ Պապոյանը հայտնել է, որ եթե 2023 թվականին նույն ժամանակահատվածում ՌԴ-ից ժամանող զբոսաշրջիկները կազմում են 52%, ապա ընթացիկ տարում՝ 36%, իսկ 2024թ -ին 42%-էր։
Պապոյանը նշել է, որ ՀՀ սահմանը հատած բեռնատարի վարորդն էլ է համարվում զբոսաշրջիկ, ինչպես ամբողջ աշխարհում։ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ-ից զբոսաշրջիկներն ավելանում են, բայց տեսակարար կշիռը կրճատվում է։
«Տեսակարար կշիռը նվազում է, բայց բացարձակ թիվը՝ ավելանում։ Մենք բոլոր երկրներից եկող զբոսաշրջիկներին մեծ ուրախությամբ սպասում ենք»,- ասել է վարչապետը, հայտնում է 1lurer.am-ը:
«Անցած տարի էլ ենք ՌԴ-ի դեպքում ունեցել 36 տոկոս, բայց եթե անցած տարի 183,700 է եղել թիվը, այս տարի արդեն 245,178 է։ Այսինքն՝ նույն 36 տոկոսն ենք պահպանել, բայց ընդհանուր հոսքերն ավելացել են»,- նշել է նախարարը։
Վարչապետը նշել է, որ իր՝ մասնավորապես Ինստագրամի և Տիկտոկի ռուսաստանցի հետևորդներից շատերը մեկնաբանություններում խոստացել են այս տարի այցելել Հայաստան։
«Փաստորեն իրականացնում են իրենց խոստումը, ինչի համար, իհարկե, շնորհակալ եմ»,- ասել է Փաշինյանը։
Պապոյանը նշել է, որ աճել է ոչ միայն ՌԴ-ից, այլև Հնդկաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Իրանից և Վրաստանից ժամանող զբոսաշրջիկների թիվը, այսինքն՝ աշխարհագրությունն ավելի ընդլայնվել է։
«Ես ուրախությամբ եմ արձանագրում, որ Վրաստանից զբոսաշրջիկների թվի աճ կա։ Շատ ուրախալի է, և հույս ունեմ, որ Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը մենք տարվա արդյունքներով 2023 թվականի արդյունքներին կգերազանցենք։ Այս թվերը նշանակում են, որ այս պահին մենք զբոսաշրջային բում ունենք, և երկրորդ՝ այդ բումը շարունակվելու և աճելու է, որովհետև դրա համար կան բոլոր նախադրյալները: Դա շատ լավ լուր է, և հույս ունեմ, որ զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները՝ հարգելի գործարարները, այդ թվում՝ մարզերի, շատ ուշադիր կլինեն այս վիճակագրության նկատմամբ»,- ասել է վարչապետը։
Նա նշել է, որ այս ամենը նաև դրամական հոսքեր են, և գործարարները պետք է ջանք գործադրեն, որպեսզի այդ հոսքերից ստանան իրենց արդար մասնաբաժինը։
«Վրաստանի դեպքում համեմատության համար ասեմ. 2019-ին՝ մոտ 69,000, անցած տարի՝ մոտ 76,000, այս տարի արդեն՝ ավելի քան 93,000»,- նշել է Գևորգ Պապոյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ զբոսաշրջիկների աճն ակնհայտ երևում է նաև մշակութային հուշարձաններ այցելությունների վիճակագրությամբ։
«Մայիսի այս սկզբի օրերին, ապրիլի վերջին, ըստ էության, չհաշված կազմակերպված տուրերը, որոնք զբոսաշրջային ընկերությունները առանձին փաթեթով տոմսեր են գնում, անհատական տոմսերով մենք, օրինակ, Գառնիում ունեցել ենք 2-3 հազար այցելություն, և քանի որ հիմա էլեկտրոնային տոմսային համակարգ է գործում, մենք կարողանում ենք ամենօրյա ռեժիմով հետևել, և կարող եմ փաստել, որ իսկապես այս այցելությունների մակարդակն էապես բարձրացել է, և դա մեր մշակութային վայրեր այցելություններով հստակ արտացոլվում է»,- ասել է նախարարը։





