AM
7 Մայիս 2026 - 09:44 AMT

13 մլրդ դրամ` մոտ 60 կմ ճանապարհների նորոգմանը

Հայաստանի կառավարությունը 13 միլիարդ դրամ կհատկացնի հանրապետությունում ընդհանուր առմամբ 58 կիլոմետր երկարությամբ ճանապարհների վերանորոգման, հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների համար։

Կառավարության հերթական նիստում այդ նպատակով ՀՀ 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին որոշման նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, հայտնում է Արմենպրեսը:

«Ընդհանուր 58 կիլոմետրի մասին է խոսքը, որից միջպետական նշանակության՝ 1 կիլոմետր, հանրապետական՝ 27 կմ, մարզային 30 կմ. նաև երեք տրանսպորտային հանգույցներ կան նախագծում ներկայացված»,- մանրամասնել է Խուդաթյանը։

Ինչպես ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես նախատեսվում է հիմնանորոգել Գյումրիից դեպի պետական սահման տանող ավտոճանապարհը, Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ և Աբովյան տանող ճանապարհահատվածները, Երևան-Գառնի ավտոճանապարհի 16,7 կմ հատվածը, Վեդի բնակավայրով անցնող ավտոճանապարհի 3,8 կմ հատվածը, Արմավիրի մարզում Նորապատից դեպի Վարդանաշեն տանող 10 կմ ճանապարհը, ինչպես նաև Սևանից դեպի Ծաղկունք և Զովաբեր տանող 17,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածները և այլ ուղղություններ։