Կարս-Գյումրի երկաթուղու և հարակից ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը:
«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և այս պահին ժամկետների մասին դեռ չեմ կարող որևէ բան ասել, որովհետև բազմաթիվ տեխնիկական գնահատման աշխատանքներ կան։ Հիմա էլ մենք աշխատանքի ընթացքում տեխնիկական խնդիրներ ենք հայտնաբերում, որոնց մասին մեկ ամիս առաջ չգիտեինք, երկու ամիս առաջ չգիտեինք և այդպես շարունակ, որովհետև մոտ 40 տարի պատշաճ չենք զբաղվել այդ ենթակառուցվածքով։ Պետք է գնահատենք կարիքները և անցնենք գործի»,- ասել է վարչապետը։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը:





