Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական քաղաքականության մեջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Երևանում անցկացված Եվրոպական գործընկերության գագաթնաժողովը հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։
Նրա խոսքով՝ նման սցենարը Հայաստանի համար կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Եվրամիության բանաձևը պարզ և տրիվիալ է։ Զարմանալի է, որ ոչ ոք դա չի հասկանում․ Հայաստանից քամել ամեն ինչ մինչև վերջին կաթիլը, որպեսզի այն օգտագործեն իրենց շահերի համար, այդ թվում՝ ռուսատյաց և հակառուսական նպատակներով՝ դրա դիմաց ոչինչ չտալով, բացի PR ակցիաներից»,- հայտարարել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով՝ գագաթնաժողովն ինքնին քաղաքական շոու էր՝ պաթետիկ ելույթներով, տեսախցիկներով, հյուրախաղերերով Հայաստան եկածների զբոսանքներով և վազքով։ Նա տեղի ունեցածն անվանել է «փաթեթավորում», որը Բրյուսելը, Փարիզը և ԵՄ այլ ներկայացուցիչներ փորձում են նախընտրական շրջանում «վաճառել» Հայաստանին:
Զախարովայի խոսքով` եվրոպացի պաշտոնյաները փաստացի ցույց տվեցին, որ պատրաստ են առաջիկա ընտրությունների համատեքստում աջակցել Հայաստանի գործող իշխանություններին:
«Եվրաչինովնիկները կրկին հայտարարեցին, որ առաջիկա ընտրարշավի անցկացման հարցում Երևանում կարող են հույս դնել իրենց վրա։ Այդ եվրաբյուրոկրատները հենվել են Հայաստանի վրա, բայց բառի ամենավատ իմաստով։ Պետք է զգույշ լինել», – նշել է նա՝ սա համարելով երկրի ներքին գործերին միջամտելու հերթական օրինակ։
Մեկնաբանելով Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է` Հայաստանն իր ղեկավարության հավանությամբ ավելի ու ավելի է ներքաշվում դեպի օտար ստանդարտներ ու մեխանիզմներ: Նա հստակեցրել է, որ խոսքը ոչ թե եվրոպական մշակույթի կամ ընդհանրապես քաղաքակրթության մասին է, այլ «ագրեսիվ եվրաատլանտյան մոտեցումների»:
Ռուսական կողմի գնահատմամբ՝ Երևանը խախտել է նախկինում Ռուսաստանի դեմ ուղղված քայլեր չձեռնարկելու իր պարտավորությունները։ Զախարովան հայտարարել է` «այն երկիրը, որին Մոսկվայում բարեկամ էին համարում, ամբիոն տրամադրեց ահաբեկչին՝ նեոնացիստական ռեժիմի պարագլխին (նկատի ունի Վլադիմիր Զելենսկուն)։ Նրա խոսքով՝ Երևանում նրան շատ ջերմ ընդունեցին»։
«Զելենսկին օգտվել է հայկական կողմի նման անհասկանալի հյուրընկալությունից՝ փորձելով դուրս գալ քաղաքական մոռացությունից և կրկին հնչեցնել իր արդեն ձանձրացրած ռուսատյաց հայտարարությունները»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ Վլադիմիր Զելենսկու այցը ցույց է տվել, թե ինչ ապագա է Եվրամիությունը պատրաստում Հայաստանին։
«Ես անձամբ կարծում եմ, որ շատ լավ է, որ Զելենսկին այս օրերին եղել է Երևանում։ Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ով է Բրյուսելի համար իրենց հաջող քաղաքականության խորհրդանիշը… Հենց Զելենսկու այցը Երևան ցույց տվեց Հայաստանի քաղաքացիներին այն ապագան, որը Եվրամիությունը պատրաստել է նրանց համար»,- հայտարարել է նա։
Բացի այդ, Զախարովան կարծիք է հայտնել, որ Եվրամիության հնարավոր ֆինանսական օգնությունից Հայաստանի շարքային քաղաքացիներն անմիջական օգուտ չեն ստանալու։
«Նույնիսկ եթե այդ օգնությունը լինի վարկերի տեսքով, Հայաստանի սովորական քաղաքացին այն չի տեսնի։ Անխոհեմ քաղաքականության հետևանքով Հայաստանի քաղաքացիները ստիպված են լինելու աշխատել Բրյուսելի շահերն ապահովելու, վարկերի տոկոսները մարելու համար և սեփական գրպանից վճարել այս եվրաատլանտյան տուրքը»,- նշել է նա։
Երևանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդել է Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։





