Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեդ Փիար Պանացեա» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևանի Արին Բերդի փողոցում գործող կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա արտադրանքից։
Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Կարկանդակ պանրով և խոզապուխտով», «Կաթնաշոռ Lactoland 5%» և «Թթվասեր առանց լակտոզա 15%» արտադրատեսակների նմուշները «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» ցուցանիշով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության և հիգիենայի վերաբերյալ իրավական ակտերով սահմանված պահանջներին, այսինքն՝ արտադրվել է վտանգավոր սննդամթերք։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ տվյալ արտադրամասի գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ Lactoland 5 %», «Թթվասեր առանց լակտոզա 15 %» և «Կարկանդակ պանրով և խոզապուխտով» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է։
Խախտումները վերացնելու նպատակով սահմանվել է վերջնաժամկետ։





