ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ՝ Երևանւմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի պատճառով:
«Դեսպանին կտրականապես ասվել է, որ անընդունելի էր Երևանում ԵՄ հովանու ներքո անցած միջոցառումների ժամանակ Կիևի նացիստական ռեժիմի պարագլուխ Զելենսկուն Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «ամբիոն» տրամադրելը»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ընթացքում Զելենսկին հայտարարել է, թե «ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով»՝ անդրադառնալով տեղեկությանը, համաձայն որի Մայիսի 9-ի շքերթը Մոսկվայում նախատեսվում է անցկացնել առանց ծանր ռազմական տեխնիկայի։
Հաղորդագրությունում նաև նշվել է, որ Մոսկվայում արդարացիորեն վրդովված են և կարծում են, որ պաշտոնական Երևանի կողմից Զելենսկու նման աղմկահարույց վարքագծին պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը չի համապատասխանում ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին։
Դեսպանը խոստացել է ռուսական կողմի մտահոգության վերաբերյալ զեկուցել Երևանին։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում։ Ըստ նրա՝ այդպիսի սցենարը Հայաստանի համար կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ։





