AM
8 Մայիս 2026 - 09:20 AMT

Զատուլին․ ՌԴ-ն չպետք է ճանաչի ՀՀ-ում ընտրությունների արդյունքները, եթե Փաշինյանը հաղթի

Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռուսաստանը պաշտոնական մակարդակով չպետք է ճանաչի դրանց արդյունքները, հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Ըստ նրա՝ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները, և նրա վերընտրվելու դեպքում Ռուսաստանից ՀՀ ամբողջական հեռացման միտումը կշարունակվի, գրում է НСН-ն:

«Նա անվերապահորեն Ռուսաստանի թշնամին է, որը որոշ ժամանակ, հայտնվելով իշխանության մեջ, ստիպված էր քողարկել իր մտադրություններն ու նպատակները։ Մենք մեզ թույլ ենք տվել հանգստացնել այն հույսերով, թե ամեն ինչ կհարթվի, և նա ոչ մի տեղ չի գնա։ Բայց նա օգտագործել է մեզ։

Նա դեռ վարչապետ դառնալուց առաջ բացեիբաց արտահայտել է իր տեսակետները։ Գրել է, որ պետք է ազատվել անցյալից, Ռուսաստանից, դուրս գալ ՀԱՊԿ-ից, դուրս գալ Եվրասիական միությունից, հեռացնել մեր ռազմաբազան Գյումրիից։ Դա պարզապես մտքի մթագնում էր, որ մենք մտածել ենք, թե իշխանության գալուց հետո նա հանկարծ ամբողջությամբ կանցնի մեր կողմը կամ կմոռանա իր համոզմունքների մասին։ Այդ առումով նա բավականին հետևողական մարդ է։ Անշուշտ, խորամանկ է։ Այդ պատճառով էլ պարտադիր չէ, որ այդ ամենը բարձրաձայն ասի, հատկապես երբ Կրեմլում հանդիպում է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ։

Սակայն հիմա արդեն այդ դիմակներն էլ է հանել։ Դրանք հանվել են 2022 թվականին, քանի որ մենք առճակատման մեջ ենք մտել այն Արևմուտքի հետ, ուր նա ձգտում է։ Եվ նա սկսել է այդ կուրսն իրականացնել ավելի կտրուկ, ծավալուն և լայնամասշտաբ ձևով։ Իսկ նրա համախոհներն ընդհանրապես չեն կաշկանդվում»,-ասել է Զատուլինը:

Պատգամավորը նաև ընդգծել է, որ Փաշինյանի վերընտրվելու դեպքում իրավիճակը միայն կվատթարանա։

«Անկասկած, Փաշինյանի վերընտրվելու դեպքում միտումը լինելու է Հայաստանի՝ որպես պետության, վերջնական խզումը դաշնակցային շրջանակում ստանձնած պարտավորություններից։ Նա կանցնի բացահայտ հակառուսական դիրքերի, կշարունակվեն ճնշումները բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն կիսում այդ տեսակետը, իսկ դա առնվազն Հայաստանի բնակչության կեսն է։

Համապատասխանաբար, խնդիրներ կստեղծվեն Ռուսաստանում և ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի համար։ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնական մակարդակով չպետք է ճանաչի 2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի ընտրությունների արդյունքները, եթե Փաշինյանը տարբեր միջոցներով կրկին անցկացնի իր հաղթանակը։ Փաշինյանի կողմից արդեն բավական քայլեր են արվել, որպեսզի կասկածներ առաջանան, թե այդ ընտրությունները կլինեն ազնիվ, արդար, օբյեկտիվ և օրինական», – հայտարարել է Զատուլինը։

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Փաշինյանի թիմի գործողությունները բախման են տանում Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին, ինչի հետևանքով հարաբերությունները կարող են տուժել ոչ միայն քաղաքական մակարդակում։

Միևնույն ժամանակ, հայ քաղաքագետ, Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի կիսել Զատուլինի տեսակետը։ НСН-ի հետ զրույցում նա հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է կառուցել լավ հարաբերություններ տարբեր երկրների հետ և ոչ թե ընտրել միայն մեկ գործընկեր։

Ավելի վաղ Փաշինյանը Երևանում ընդունել է Վլադիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են «երկու աթոռի վրա նստել», ինչը բացասաբար է անդրադառնում Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների վրա։