AM
8 Մայիս 2026 - 13:00 AMT

Wildberries-ը հայտարարել է հայկական ապրանքների վաճառքի փուլային վերականգնման մասին

Wildberries-ը հայտարարել է Հայաստանում արտադրված և մակնշված որոշ ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին։

«Պետական մարմինների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզ, որի շրջանակում արդեն մասնակիորեն վերականգնվել է հայկական արտադրության ապրանքային քարտերի հասանելիությունը։

Ճանապարհային քարտեզի իրականացման շրջանակում վաճառողներին տրամադրվում են նաև աջակցություն, ներառյալ անհատական տեխնիկական սպասարկում և ապրանքների առաջխաղացման հարցերում աջակցություն, որոնք ուղղված են վաճառքների լիարժեք վերականգնման ապահովմանը։

Հաջորդ փուլերում նախատեսվում է նաև ԵԱՏՄ տարածքում արտադրված, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների իրացման վերականգնում։ Միաժամանակ ընկերությունը շարունակում է համագործակցել վաճառողների հետ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հարցերում՝ վաճառքների լիարժեք վերականգնման նպատակով։

Զուգահեռաբար ընկերությունը արագացված ռեժիմով աշխատում է հարթակի տեխնիկական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ փաստաթղթերի մշակման և ստուգման գործընթացների ավտոմատացման նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ:

Նաև հարթակում կմեկնարկի հատուկ բաժին՝ «Պատրաստված է Հայաստանում» նշումով, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքները

Ավելի վաղ՝ մաքսային կարգավորման նոր պահանջների ուժի մեջ մտնելու և ապրանքների ծագման հաստատման նպատակով վաճառողների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության կապակցությամբ, մատակարարումների մի մասը բախվել է լրացուցիչ ստուգումների և տեսակավորման կենտրոններում մշակման ուշացումների։

Գործընթացները կարգավորելու և հետագա ուշացումները կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս որոշ ապրանքային քարտերի հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել էր։