Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրիչ և անթույլատրելի» է անվանել ՌԴ պետական Առաջին ալիքով Լեռնային Ղարաբաղի քարտեզի ցուցադրումը:
«Ադրբեջանի Հանրապետության խեղաթյուրված քարտեզի ցուցադրումը ռուսական պետական Առաջին ալիքի «ժամանակը ցույց կտա» («Время покажет») մայիսի 6-ի հաղորդման ժամանակ, ինչպես նաև քարտեզում գոյություն չունեցող «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումը լուրջ սադրանք է և անթույլատրելի քաղաքական մանիպուլյացիա»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, գրում է APA-ն:
Ըստ նրա՝ ՌԴ պետական հեռուստատեսությունը տարածում է «անջատողականությունը խրախուսող նարատիվներ»:
«Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստատեսությամբ հնացած, կեղծ և անջատողականությունը խրախուսող նարատիվների տարածումը, չնայած ռուսական կողմի հայտարարություններին այն մասին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը երբեք կասկածի տակ չի դրվել, բացահայտորեն հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ոգուն, փոխադարձ հարգանքին և բարիդրացիությանը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Բաքուն հայտարարել է, որ պարզաբանումներ է ակնկալում ռուսական կողմից:
Ավելի վաղ Ալիևը, որը տեսակապով միացել էր Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, մեղադրանքներ է հնչեցրել Եվրախորհրդարանի հասցեին՝ նշելով, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը նույնքան արժեք ունի, որքան ցանկացած այլ երկրի, և երկակի չափանիշներն անթույլատրելի են»:Ըստ Ալիևի՝ Եվրախորհրդարանը «խաղաղ գործընթացին աջակցելու փոխարեն զբաղվում է այն խաթարելով»։





