AM
11 Մայիս 2026 - 07:15 AMT

Ալիևը ՝ եվրոպացի դիտորդներին․ «Պետք չէ ՀՀ-ին պաշտպանել մեզանից՝ հասել ենք, ինչին ուզում էինք»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը «նպատակ չի ունեցել ոչնչացնել Հայաստանը կամ զրկել նրան անկախությունից»: Նա այդ մասին ասել է Զանգելանում բնակիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին գտնվող եվրոպացի դիտորդներին։

«Այսօր ադրբեջանա-հայկական սահմանին, իբր, դեռ հսկողություն են իրականացնում այսպես կոչված եվրոպացի դիտորդները։ Ես այն ժամանակ էլ ասում էի՝ եթե մենք թեկուզ մեկ անգամ կրակենք, նրանք անմիջապես կփախչեն, այնտեղ նրանցից ոչ մի հետք չի մնա։ Բայց նրանք իրենց այնպես են պահում, կարծես մեզանից պաշտպանում են Հայաստանին։ Պետք չէ մեզանից պաշտպանել Հայաստանը։ Մենք հասել ենք այն ամենին, ինչ ցանկանում էինք»,- ասել է Ալիևը, հայտնում է APA-ն:

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, թե Ադրբեջանը պետք է զգոն մնա, քանի դեռ հայկական հասարակությունում կան «հակաադրբեջանական տրամադրություններով ուժեր։

Ալիևը հայերին «վայրենի օկուպանտներ է անվանել»:

Նա հավելել է, որ «Ադրբեջանի ժողովուրդը ոչ մի վատ բան չի արել հայ ժողովրդին»:

«Սա և՛ թալան է, և՛ թշնամանք, և՛ դաժանություն՝ ընդ որում ամբողջովին անհիմն։ Ադրբեջանցի ժողովուրդը որևէ վատ բան չի արել հայ ժողովրդին։ Մեր նկատմամբ նրանց ատելության պատճառները, հավանաբար, պետք է ուսումնասիրեն հոգեբույժները, հոգեբաններն ու բժիշկները։ Քանի դեռ հայկական հասարակությունում գոյություն ունեն քաղաքական ուժեր, որոնք ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով, մենք պետք է զգոն լինենք», – ասել է Ալիևը:

Ալիևը «մոռացել է» հիշատակել, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին նախորդել են հայերի ջարդերը Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Ադրբեջանի մյուս քաղաքներում, որտեղից արտաքսվել է ավելի քան 400,000 հայ՝ կորցնելով ամբողջ գույքն ու ունեցվածքը: Դրան նախորդել են հայերի ջարդերը Շուշիում և մերձակա բնակավայրերում 20-րդ դարի սկզբում՝ 1919-20թթ․, երբ ավելի քան 20,000 հայ է սպանվել: