ՌԴ-ն Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կծառայի 100 տարի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը:
«Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել է մեծ հզորությամբ կայանի նախագիծ, որը՝ եթե հայկական ղեկավարությունն ունենար համապատասխան կամք, կփակեր երկրի էներգետիկ պահանջները տասնամյակների, նույնիսկ ամբողջ դարի համար։ Միաժամանակ այն վերջնական սպառողների համար կապահովեր էլեկտրաէներգիայի մատչելի սակագներ, ինչը, ի թիվս այլնի, էապես կխթաներ երկրի արդյունաբերության աճը», – ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դիվանագետը շեշտել է, որ Ռուսաստանը համաշխարհային առաջատարներից մեկն է ատոմային տեխնոլոգիաների ոլորտում և մշտապես կարող է Հայաստանին փոխանցել իր փորձն ու մշակումները հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող էներգետիկ ոլորտում։
Ապրիլի 2-ին ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել է, որ Երևանը կարող է էներգադեֆիցիտի բախվել, եթե մինչև 2026-ի ավարտը որոշում չկայացնի նոր ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում որոնում է առավել շահավետ առաջարկը։ Միաժամանակ ԱՄՆ փոխնախագահը փետրվարին Երևան կատարած այցի ընթացքում նշել է, որ ամերիկյան կողմը պատրաստվում է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում ներդնել 9 միլիարդ դոլար և մատակարարել փոքր մոդուլային ռեակտորներ։





