ԱՆԻՖ-ի դուստր ընկերության ֆոնդը պետությանը կվերադարձնի 3․7 մլրդ դրամ: Այդ մասին հայտնել է Պետգույքի կառավարման կոմիտեն:
Նշվում է, որ 2020 թվականին, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքով առաջացած տնտեսական մարտահրավերները, ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել տնտեսական նշանակություն ունեցող ներդրումները խթանելու նպատակով իրականացնել երկարաժամկետ զարգացման ծրագրեր՝ 80 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով։
Առաջին ծրագրի շրջանակում պետության կողմից երկու փուլով ձեռք են բերվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) ենթակա «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի (Կառավարիչ) կողմից կառավարվող «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի (Ֆոնդ) փայերը՝ 10 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով։
2021-2023 թվականների ընթացքում Ֆոնդի կողմից բաժնեմասնակցային ներդրումներ են իրականացվել մի շարք փակ բաժնետիրական ընկերություններում։
2024 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն ԱՆԻՖ-ից փոխանցվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին, ինչից հետո Կառավարչի կողմից քննարկվել է Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի վաճառքի հարցը։
Արդյունքում Կառավարչին թույլատրվել է սահմանված ժամկետում վաճառել Ֆոնդին պատկանող բաժնետոմսերը՝ որպես օտարման գին սահմանելով առևտրային ընկերությունում ներդրված գումարի և դրա ներդրման օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսավճարների հանրագումարը՝ նվազեցված վճարված շահութաբաժինների չափով։ Տոկոսավճարների հաշվարկման տարեկան դրույքաչափը (պարզ տոկոս) սահմանվել է 10.2720%՝ 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությանը համապատասխան։
Իրականացվել է 4 ընկերությունների բաժնետոմսերի առուվաճառքի գործընթացը։ Նշված ընկերություններում Ֆոնդի ներդրումների հանրագումարը կազմել է 2․9 միլիարդ ՀՀ դրամ, իսկ վաճառքի ընդհանուր գումարը՝ 3․7 միլիարդ ՀՀ դրամ։
2026 թվականի մայիսի 7-ի կառավարության որոշմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել 3․7 միլիարդ ՀՀ դրամի չափով Ֆոնդի փայերի մարում իրականացնելու ուղղությամբ, ինչի արդյունքում 3․7 միլիարդ դրամը փոխանցվելու է ՀՀ պետական բյուջե։
ԱՆԻՖ-ը 2025 թվականի հոկտեմբերից գտնվում է լուծարման գործընթացում, որի մասին որոշումը կայացվել է ավելի վաղ։ Լուծարման շրջանակում ձևավորվել է պարտատերերի շրջանակ, որոնց թվում են ՀՀ վարչապետի աշխատակազմը և Էկոնոմիկայի նախարարությունը՝ յուրաքանչյուրն ունենալով 1․8 մլրդ դրամի պահանջ, ինչպես նաև «ԱՌՖԻ» ՓԲԸ-ն՝ 100 մլն դրամի պահանջով ։ Ընդհանուր պարտավորությունը կազմել է 3․7 մլրդ դրամ։





