AM
13 Մայիս 2026 - 07:00 AMT

Թուրքիան և ՀՀ-ն ավարտել են ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները

Թուրքիան և Հայաստանը ավարտել են ուղիղ առևտրի մեկնարկին առնչվող նախապատրաստական գործընթացները։ Այդ մասին Թուրքիայի ԱԳՆ խոսնակՕնջու Կեչելին գրել է X-ի միկրոբլոգում:

Նա նշել է, որ սահմանի բացման տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները շարունակվում են, հայտնում է Sputnik Արմենիան:

«2022 թվականից շարունակվող Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում ընդունված վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստություններն ավարտվել են 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ։ Երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները շարունակվում են», – գրել Է թուրք դիվանագետը:

Մայիսի 12-ին ՀՀ վարչապետ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Շենգավիթում նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչ են նշանակել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «թուրքերը էսօր բացում են» խոսքերը։ Նա ասել է, որ Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանելիս այսուհետ որպես առաքման երկիր նշվելու է Հայաստանը:

Ավելի վաղ Միրզոյանը մոտեցել էր քարոզարշավ իրականացնող Փաշինյանին և ականջին շշնջացել` «թուրքերն էսօր բացում են, մի հատ «Welcome»–ի տեքստ անենք»։ Քանի որ վարչապետը խոսում էր բարձրախոսով, նախարարի խոսքերը լսվել էին նաև ուղիղ եթերում։

Ավելի ուշ լրագրողները Միրզոյանից հետաքրքրվել էին, թե ինչ էր նա փոխանցել Փաշինյանին, ինչին նախարարն արձագանքել էր՝ «կբացեն, կհասկանանք»։ Նա նաև նշել էր, որ խոսքը հայ-թուրքական սահմանի բացման մասին չէ։