ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը Երևանում անցկացված Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին չի կարելի գնահատել որպես բարեկամական քայլ Ռուսաստանի, նրա քաղաքացիների և հայ ժողովրդի նկատմամբ։
«Հաղթանակի օրվան ընդառաջ՝ տոնին, որը, ինչպես արդեն ասել եմ, միավորում է բոլոր ազգությունների ներկայացուցիչներին, Երևանում անցկացվել է գագաթնաժողով, որտեղ հավաքվել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հյուրերը։ Այնուհետև հնչել են ժամանածների ելույթներն ու հայտարարությունները, այդ թվում՝ նրանց միացած, ամենայն հավանականությամբ, Փաշինյանի «անձնական» հյուրի՝ արյունալի կիևյան ռեժիմի ղեկավար Զելենսկու կողմից։ Միանգամայն ակնհայտ է, որ Փաշինյանի այդ քայլը չի կարելի բարեկամական համարել մեր երկրի, Ռուսաստանի քաղաքացիների և նաև հայ ժողովրդի նկատմամբ»,- հայտարարել է Վոլոդինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ Պետդումայի նախագահը շեշտել է, որ խոսքը Հայաստանի ինքնիշխանությանը կամ ներքին գործերին միջամտելու մասին չէ։
«Խոսքը բարոյականության և պարկեշտության մասին է։ Դրանք կամ կան, կամ չկան։ Կարելի է զբաղեցնել բարձր պաշտոններ, սակայն դա դեռ չի նշանակում, որ մարդն ունի այդ հատկությունները»,- նշել է նա։
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ՝ Երևանւմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի պատճառով:
«Դեսպանին կտրականապես ասվել է, որ անընդունելի էր Երևանում ԵՄ հովանու ներքո անցած միջոցառումների ժամանակ Կիևի նացիստական ռեժիմի պարագլուխ Զելենսկուն Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «ամբիոն» տրամադրելը»,-ասվում է հայտարարության մեջ:





