Առաջիկայում ՀՀ ֆինանսների նախարարությունը պատրաստվում է վարկային պայմանագրեր ստորագրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային կարիքների ապահովման նպատակով։ Այդ մասին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Նրա խոսքով՝ երկու վարկերից մեկը, որը տրամադրում է Համաշխարհային բանկը, ստորագրվելու է արդեն մոտ օրերին, իսկ երկրորդը, որը տրամադրվում է Ասիական զարգացման բանկի կողմից, կստորագրվի ավելի ուշ։ Երկու պայմանագրերն էլ՝ յուրաքանչյուրը 250 մլն դոլար ծավալով, ավելի վաղ հաստատվել են կառավարության և ԱԺ-ի կողմից, և այժմ մնացել է պաշտոնական ստորագրման փուլը։
Ներգրավված միջոցները կառավարությունը մտադիր է ուղղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր ընտանիքների՝ մոտ 109,000 մարդու համար նախատեսված հիփոթեքային սուբսիդավորման ծրագրի շարունակմանը։
Սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում բնակարան ձեռք բերելու դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստանալու է 5 մլն դրամ (13․3 հազար դոլար), Հանրապետության մյուս, այդ թվում՝ Երևանի հարակից բնակավայրերում՝ 4 մլն դրամ (10․6 հազար դոլար), իսկ Երևանում՝ 3 մլն դրամ (8 հազար դոլար)։
Բացի այդ, տարվա ընթացքում իշխանությունները նախատեսում են հաստատել բյուջետային աջակցության համար նախատեսված մի շարք նոր վարկեր։ Խոսքը վերաբերում է այնպիսի փոխառությունների, որոնք ուղղվում են ոչ թե առանձին ծրագրերի իրականացմանը, այլ բյուջեի պակասուրդի լրացմանը։ Նախատեսվում է, որ վարկերը ներգրավվելու են Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից և Զարգացման ֆրանսիական գործակալությունից։
Մի քանի տարի առաջ Հայաստանի կառավարությունը գրեթե դադարեցրել էր արտասահմանյան բյուջետային վարկերի ներգրավումը, սակայն 2024 թվականից կրկին սկսել է դիմել վարկավորման՝ խոշոր սոցիալական ծրագրերի ֆինանսավորման նպատակով։ Խոսքը վերաբերում է ոչ միայն բնակարանային սուբսիդիաներին, այլև համընդհանուր բժշկական ապահովագրության ծրագրին։ Այդ պատճառով 2025 թվականին 2022 թվականի համեմատ բյուջեի պակասուրդը բացարձակ ցուցանիշներով եռապատկվել է՝ հասնելով 604 մլրդ դրամի (1,59 մլրդ դոլար)։
2026 թվականին պակասուրդը նախատեսվում է նվազեցնել մինչև 537 միլիարդ դրամի (1․41 միլիարդ դոլար)։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ արտասահմանյան վարկերի ծավալը կրճատվի, քանի որ առաջին եռամսյակի արդյունքներով բյուջեի պակասուրդը սպասվածից ցածր է եղել։ Մի կողմից՝ բյուջե ավելի շատ եկամուտներ են հավաքագրվել, մյուս կողմից՝ ծախսերի կատարողականը զգալիորեն հետ է մնացել նախատեսված մակարդակից։
Արցախից բռնի տեղահանվածների բնակարանների համար ՎԶԵԲ–ը 264.4 մլն դոլար դրամաշնորհ կտա ՀՀ–ին:





