Իրանի օդային տարածքի սահմանափակումների ֆոնին աճել են Հայաստանի տարածքով իրականացվող տարանցիկ թռիչքներն ու դրանցից ստացվող եկամուտները։ Այդ մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ ներկայացնելով հունվար և մարտ ամիսների տվյալները, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Հայաստանի տարածքով թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման օրական հասույթն ավելացել է ավելի քան 1100 եվրոյով։
«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով մարտի 1-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքները 2026 թվականի հունվար-փետրվարի համեմատ աճել են օրական միջինը 43 թռիչքով։
«2026թ․ մարտ ամսվա ընթացքում մայրուղային թռիչքների աէրոնավիգացիոն սպասարկման դիմաց հաշվեգրվող միջին օրական հասույթը կազմել է 30374,04 եվրո, իսկ 2026 թվականի հունվարին՝ 29253,30 եվրո»,- նշված է գերատեսչության պատասխանի մեջ։
ՏԿԵՆ-ից հայտնել են, որ ապրիլի տվյալները կհաշվարկվեն մայիսի երկրորդ կեսին։





