AM
14 Մայիս 2026 - 08:35 AMT

ՊԵԿ-ը մի շարք խախտումներ է բացահայտել կրիպտոակտիվների ոլորտում

Պետական եկամուտների կոմիտեն կրիպտոակտիվների շուկայում իրականացրած լայնածավալ միջոցառումների ընթացքում բացահայտել է առանց լիցենզիայի և պետական գրանցման գործունեության, ինչպես նաև հարկային խախտումների մի շարք դեպքեր։

Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել կրիպտոակտիվների առուվաճառքով զբաղվող, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ։

Հետախուզական միջոցառումները նպատակ են ունեցել բացահայտելու լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց համապատասխան լիցենզիայի իրականացնելու, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից առանց պետական գրանցման ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքերը։

«Միջոցառումները տվել են շոշափելի արդյունքներ: Միջոցառումների արդյունքում մասնավորապես արձանագրվել է, որ 2 տնտեսվարող սուբյեկտ, առանց համապատասխան լիցենզիայի, զբաղվել են կրիպտոակտիվների առուվաճառքի գործունեությամբ։ Նշված դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Մեկ այլ բացահայտման արդյունքում պարզվել է, որ 14 ֆիզիկական անձ, առանց պետական գրանցման, զբաղվել է կրիպտոակտիվների առուվաճառքով, իսկ նրանց մի մասն իրականացրել է նաև կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցում։ Ստացված փաստական տվյալների հիմքով կազմված արձանագրություններն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն՝ ապօրինի գործունեության մասով անձանց վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։ Ընդ որում, այս ոլորտում արձանագրվել է նաև առերևույթ տնտեսական հանցագործության մեկ դեպք։ Այդ կապակցությամբ, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով` հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Յոթ հարկ վճարողի նկատմամբ իրականացված միջոցառումների ընթացքում ևս բացահայտվել են իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպքեր։ Վերջիններս պարտավորվել են ներկայացնել ճշգրտված հաշվարկներ՝ հայտարարագրելով նախկինում թերհայտարարագրված շրջանառությունները։

Նշվել է նաև, որ այս բացահայտումների առնչությամբ կրիպտոակտիվների առուվաճառքով զբաղվող և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ ստացված տեղեկությունները փոխանցվել են նաև ՀՀ Կենտրոնական բանկ՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով։

Ոլորտում օրինականության ապահովման նպատակով Պետական եկամուտների կոմիտեն ուժեղացված վերահսկողություն է իրականացրել կրիպտոակտիվների շուկայում գործունեություն ծավալող անձանց նկատմամբ։

Կոմիտեն հորդորել է կրիպտոակտիվի առուվաճառքով զբաղվող կամ այս ոլորտում ծառայություններ մատուցող անձանց «Կրիպտոակտիվների մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքների և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները խստագույնս պահպանել։

Ծանուցում՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: