ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում: Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ, ըստ նախարարության, ռուսաստանցիների համար առկա է ձերբակալության և ԱՄՆ արտահանձնման բարձր ռիսկ։
ՌԴ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների բազմակողմ համագործակցության վարչության տնօրեն Գրիգորի Լուկյանցևն ասելէ, որ շատ պետություններ, ոչ միայն Եվրամիության, այլև ավելի լայն շրջանակում, ունեն որոշակի պարտավորություններ արտահանձնման և հանձնման վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Այս ամենը պետք է հաշվի առնել այն ռիսկերը գնահատելիս, որոնց կարող են բախվել մարդիկ արտասահման մեկնելիս»,- ասել է Լուկյանցևը։
Նա նշել է, որ ԱԳՆ-ն չի որոշում, թե ուր կարող են կամ չեն կարող ճանապարհորդել ռուսաստանցիները։ Նախարարությունը կարող է խորհուրդ տալ որոշակի երկրներ չայցելել միայն այն դեպքում, եթե կարծում են, որ քաղաքացիները կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան կամ եվրոպական իշխանությունների հետ։
Ռուսաստանի ԱԳՆ-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ ԱՄՆ-ի դիմումով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների թվում են Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մեծ մասը, ինչպես նաև Ավստրալիան, Կանադան, Հայաստանը, Իսրայելը, Մալդիվները, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Լիբերիան և Մարոկկոն։
Միաժամանակ, նախարարությունը նշել է, որ այս ցանկը չի ներառում բոլոր այն երկրները, որոնք ԱՄՆ-ի հետ կնքել են արտահանձնման պայմանագրեր։





