Հայաստանում տոհմային այծ կամ ոչխար ձեռք բերելու համար ֆերմերը կարող է ստանալ պետական փոխհատուցում ձեռք բերման արժեքի 50 տոկոսի չափով։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Նրա խոսքով` եթե կենդանիները ներմուծվում են արտերկրից, ապա սահմանաչափը ծրագրով ահմանվել է 450,000 դրամ, եթե տեղի շուկայից են ձեռք բերվում և համապատասխանում են տոհմային քարտին, ապա սահմանաչափը սահմանվել է 300,000 դրամ, հայտնում է Sputnik Արմենիան:
Խոջոյանի խոսքով` նախորդ նմանատիպ ծրագրերով արդեն 2350 գլուխ մանր եղջերավոր կենդանի է ձեռք բերվել, իսկ այս տարի արդեն իսկ հաստատվել է 1300 կենդանու հայտ։
Փոխնախարարը տեղեկացրել է, որ եթե մինչ այժմ պետական աջակցություն էր տրամադրվում յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերված առավելագույնը 300 գլուխ տոհմային այծերի և ոչխարների համար, ապա այժմ սահմանաչափը բարձրացվել է` դառնալով 1000 գլուխ։
«Մասնավոր հատվածից ստանում ենք ազդակներ, որ ավելի մեծ գլխաքանակի դեպքում հնարավոր կլինի ոչ միայն ավելի խոշոր ֆերմային տնտեսություններ ստեղծել մսի արտադրության համար, այլև արտադրել կաթ և վերամշակել։ Միաժամանակ կենդանիների հետագծելիությունն ապահովելու նպատակով սահմանվում է պահանջ, որ ներկրված կամ տեղի շուկայում ձեռքբերված տոհմային կենդանիները պետք է գրանցված լինեն գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում»,– տեղեկացրել է Խոջոյանը։
Նա ներկայացրել է նաև արտահանման տվյալները, ըստ որոնց` 2025 թ. ՀՀ–ից արտահանվել է մոտ 96,955 մանր եղջերավոր կենդանի։ Խոջոյանը չի կարողացել պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցին, թե արդյոք այս թվի մեջ մտնո՞ւմ է նաև վերարտահանումը։
Խոջոյանը միայն տեղեկացրել է, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` ՀՀ–ում առկա է 679,500 գլուխ մանր եղջերավոր կենդանի, և այս թիվը խոսում է այն մասին, որ արտահանվում են հիմնականում ՀՀ–ում բուծված կենդանիները։
ՀՀ կառավարությունը 2024թ–ի օգոստոսի 22-ին նիստում հաստատել է Հայաստանում անասնաբուծության խթանման ծրագիրը։ Մասնավորապես հաստատվել է «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է 2024-2028 թվականների ընթացքում հանրապետություն կներկրել 10,000 գլուխ ոչխարի և այծի համաշխարհային լավագույն ցեղերի տոհմային կենդանիներ (պետական միջոցներից ձեռք բերված կենդանիների արժեքի 50 տոկոսի չափով փոխհատուցում կտրամադրվ), որոնք կօգտագործվեն տեղական ցեղերի տոհմային և մթերատու հատկանիշները բարելավելու նպատակով:





