Ամեն անգամ գերիների մասին հարցնելիս ասվում է, որ գործում են «մի վնասիր» սկզբունքով, բայց այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն «այնպիսի բան է ասել, որ խոստովանության նման մի բան է», ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ, 2023 թվականի սեպտեմբերին գերեվարված Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը:
«Նիկոլ Փաշինյանն այսօր, փաստացի, խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները։ Նիկոլ Փաշինյանն այսօր, փաստորեն, խոստովանել է, որ ոչինչ չի անում: Խոստովանել է, որ իրենց պատանդի կարգավիճակում են պահում, գուցե և Ալիևի հետ միասին»,-ասել է նա,հայտնում է «Փաստինֆոն»:
Մայիսի 14-ին տեղի ունեցած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Դավիթ Իշխանյանի ազատության հարցում չեն կարող արդյունքի հասնել, քանի դեռ նրա կուսակիցները Հայաստանում խոսում են Արցախը հետ բերելու մասին։
«Ադրբեջանում էլ մտածում են՝ ինչի՞ գերիներին ազատենք, որ մի հոգի ավել հարձակվի մեր վրա՞»,- հայտարարել է Փաշինյանը։
Իշխանյանն ասել է, որ իրենց իրավապաշտպանների հետ կապի մեջ են, իսկ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի ձայնագրությունը ևս լսել են։
«Քանի դեռ ունենք իշխանություն, որն իր «այսպես ասած» խաղաղության համար բնական նախապայման չի ներկայացնում գերիների վերադարձը և իր անգործությունը կոծկում է ներքաղաքական իրավիճակով ու հնարած թեզերով, մենք ապավինում ենք միջազգային իրավունքին և շարունակում ենք պայքարը»,-ասել է նա:
Վարչապետը հայտարարել է, որ կոնֆլիկտային և ագրեսիվ հռետորաբանությունը, ըստ իրեն, դժվարացնում է Ադրբեջանում պահվող անձանց ազատ արձակման հարցը, հայտնում է Aysor.am-ը:
Փաշինյանի խոսքով՝ նույնը նաև Դավիթ Բաբայանի դեպքում է. նրա համախոհների խոսույթին էլ հետևում են Ադրբեջանում, ինչը կրկին ազդեցություն է թողնում։
«Եթե Դաշնակցությունը զարգացնում է այն միտքը, թե Ղարաբաղը հետ են բերելու, տրամաբանակա՞ն է, որ նույն քաղաքական ուժի ներկայացուցչին Ադրբեջանը փորձի րոպե առաջ ազատ արձակի, որ գնա ու միանա այդ պրոցեսին։ Ո՞նց են հետ բերելու, պարզ է, չէ՞, որ դա կոնֆլիկտի խոսույթ է, որը ինչ-որ պահի բերելու է ինչ-որ մի դրսևորումի»,- հայտարարել է նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ չի կարող ՀՅԴ-ի ներկայացուցչի ազատության հարցում արդյունքի հասնել, եթե Հայաստանում ՀՅԴ-ն ագրեսիվ, կոնֆլիկտային խոսույթ է օգտագործում։
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։





