16 տարի առաջ մեկնարկած Իրան–Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտի ժամկետները կրկին երկարաձգվել են։ Աայդ մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա հայտնել է, որ Իրան–Հայաստան 400 կՎ լարման երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքները որոշ չափով դանդաղել են տարածաշրջանային լարվածության հետևանքով։
«Ներկայում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հաշվի առնելով Իրանում և առհասարակ Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները՝ իրանական մեր գործընկերները մի փոքր խնդիր ունեին։ Հիմա կարծես թե իրավիճակը կարգավորվում է, և ծրագիրն ընթացքի մեջ է։ Իհարկե, դա ժամկետների առումով որոշակի ազդեցություն կունենա, բայց նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մոտ ապագայում՝ հաշվի առնելով, որ դրանք արդեն վերսկսվել են»,- ասել է նա։
Անդրադառնալով շինարարության ներկա փուլին՝ ՏԿԵՆ ներկայացուցիչը պարզաբանել է, որ այժմ իրականացվում են հենարանների տեղադրման և հաղորդալարերի անցկացման աշխատանքներ։ Նրա խոսքով՝ էական առաջընթաց է արձանագրվել նաև ենթակայանների կահավորման ուղղությամբ։ Աբրահամյանը վստահեցրել է, որ տարածաշրջանային լարվածության պատճառով դանդաղած աշխատանքները կրկին ակտիվ փուլ են մտել։
«Աշխատանքները ցածր տեմպերով, բայց շարունակվում էին, իսկ հիմա ավելի ինտենսիվ են ընթանում։ Հենարանների և մալուխների անցկացման հետ կապված տարբեր աշխատանքներ դեռևս չեն ավարտվել, սակայն տրանսֆորմատորների տեղադրումը մոտ ապագայում կավարտվի։ Դրանցից մեկն արդեն Հայաստանում է, մյուսը մոտ ժամանակներս կներկրվի»,– ավելացրել է Աբրահամյանը։
Հարցին, թե արդյոք մինչև տարեվերջ հնարավոր կլինի ավարտին հասցնել նախատեսված աշխատանքները, Հովհաննես Աբրահամյանը զգուշավոր գնահատական է տվել՝ ընդգծելով, որ տարածաշրջանային անկայունության պայմաններում խուսափում է հստակ վերջնաժամկետ նշելուց։
«Եթե չլինեին Մերձավոր Արևելքի իրադարձությունները, կարող էինք ասել, որ մինչև տարվա վերջ աշխատանքները կավարտվեն։ Սակայն այս պահին սխալ կլինի վերջնաժամկետներ ամրագրելը»,– ընդգծել է նա։
Այնուամենայնիվ, նախարարության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ռազմավարական նշանակության այս օբյեկտի շինարարությունը շարունակում է մնալ օրակարգային, իսկ իրանական կողմի հետ իրականացվող աշխատանքները նպատակ ունեն հնարավորինս կարճ ժամկետում ավարտին հասցնել նախագիծը։
Ներկայում Հայաստանի և Իրանի միջև «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սվոփային մատակարարումներն իրականացվում են գործող «Ագարակ – Մեղրի» (220 կՎ) և Նորադուզ–Ագարակ (220 կՎտ) էլեկտրահաղորդման գծերով։ Իրանը Հայաստանին գազ է մատակարարում գործող Իրան–Հայաստան գազատարով, իսկ Հայաստանում, հիմնականում Հրազդանի ՋԷԿ-ում, այդ գազից արտադրվում է էլեկտրաէներգիա։ Այնուհետև Հայաստանն Իրանին վերադարձնում է էլեկտրաէներգիան արդեն գործող էլեկտրահաղորդման գծերով։
Կառուցվող և երկար ժամանակ քննարկված 400 կՎտ էլեկտրահաղորդման գիծը նախատեսված է փոխհոսքերի ծավալների մեծացման, էներգահամակարգերի սինխրոն աշխատանքի և «Հյուսիս-հարավ» էներգահամակարգի շրջանակում տարանցման ընդլայնման համար։





