AM
15 Մայիս 2026 - 09:18 AMT

Մանուկյան. «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ն 60 մլն ավելի է վճարել դիզվառելիքի համար

«Երևան ավտոբուս» ՓԲԸ–ն մեծածավալ դիզվառելիք է ձեռք բերել շուկայականից էապես բարձր գնով, «60 մլն ավելի է վճարել` այդքան դրամի վնաս հացնելով քաղաքին»,հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում:

Ըստ նրա՝ մայիսի 6-ին ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով գնել է 500,000 լիտր դիզվառելիք՝ մեկ լիտրը 545 դրամ արժեքով, մինչդեռ Երևանի բենզալցակայաններում դիզվառելիքի մեկ լիտրը 510-520 դրամ է։

Նա նշել է, որ որպես ընկերության տնօրեն, որը և դիզվառելիք, և բենզին է ձեռք բերում ընկերության համար, կարող է պնդել, որ մեծածախ գնման դեպքում այն կարելի է ձեռք բերել ևս 15-20 տոկոսով ավելի էժան:

«Ստացվում է՝ այս մարդիկ մեկ լիտրը ձեռք են բերել մոտ 120 դրամով ավելի թանկ: Միայն այս գործարքով Երևան քաղաքին հասցվում է մոտ 60 մլն դրամի վնաս, կամ «թալանում» են 60 մլն դրամ»,– նշել է Մանուկյանը։

Մանուկյանը դիմել է իրավապահ մարմիններին: