AM
16 Մայիս 2026 - 06:59 AMT

ECOSOC-ում ներկայացվել է ՀՀ դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ի հատուկ նիստում ներկայացրել է Հայաստանի գնահատականները էներգետիկ, առևտրային և մատակարարման ռիսկերի վերաբերյալ։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հատուկ նիստում՝ «Էներգետիկ և մատակարարման հոսքերի պաշտպանության ապահովում» թեմայով, որը նվիրված է եղել գլոբալ զարգացման վրա միջազգային առևտրի, էներգետիկ և մատակարարման շղթաների նկատմամբ աճող անկայունության հետևանքներին։

Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի կենսական շահագրգռվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցում՝ շեշտադրելով դեէսկալացիայի, դիվանագիտության և միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք պահպանման հրատապ անհրաժեշտությունը, միաժամանակ անդրադառնալով տարածաշրջանային ճգնաժամերի առավել լայն ազդեցությանը գլոբալ առևտրի, կապակցվածության և տնտեսական կայունության վրա։

Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը որպես դեպի ծով ելք չունեցող պետություն՝ նա ընդգծել է, որ տարանցիկ ուղիների խափանումները, վառելիքի և էներգակիրների թանկացումը, ինչպես նաև խորացող տնտեսական անորոշությունն անհամաչափ ազդեցություն են ունենում կառուցվածքային խոցելիություններ ունեցող երկրների վրա։

Նա կոչ է արել ընդլայնել միջազգային համագործակցությունը՝ մատակարարման շղթաների դիմակայունությունն ու կանխատեսելիությունը մեծացնելու, տրանսպորտային և էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացումն ապահովելու, ինչպես նաև զարգացող երկրներին ժամանակին և հասանելի միջազգային ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։