AM
18 Մայիս 2026 - 07:40 AMT

Թաթոյան․ Ոռոգման ջրի նոր սակագին՝ կես հեկտարը՝ 500 դրամ, մեկ հեկտարը՝ 1000 դրամ

Պետություն չի կարող ունենալ իրական անվտանգություն, եթե չի արժևորում գյուղացու աշխատանքը, ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն Արմավիրում բնակիչների հետ հանդիպմանը։

Նա անդրադարձել է գյուղատնտեսությանը վերաբերող մի շարք կարևոր հարցերի՝ մասնավորապես անդրադառնալով ոռոգման ջրին, գյուղմթերքի մթերմանը և գյուղացիների սոցիալական պայմաններին,հայտնում է Aysor.am-ը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի գյուղացին չունենա խնդիր կապված ոռոգման ջրի հետ։ Մեր ծրագրով հստակ ունենք նախատեսած ծրագիր ոռոգման ջրի հետ կապված։ Պետք է լինեն ընդամենը սիմվոլիկ գումարներ։ Եթե դու ջուր չես տալիս գյուղացուն, ամբողջ տարի էլի չարչարվելու է, մարդն արդյունք չի ունենալու, չի իմանալու ինչ բերք է ստանալու։ Դրա համար մենք նախատեսել ենք նվազեցնել ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար՝ ոռոգման ջրի գինն ամբողջ սեզոնի համար պետք է լինի կես հետկար՝ 500 դրամ, 1 հա ունեցողինը՝ 1000 դրամ, 2 հա ունեցողինը՝ 2000 դրամ և այդպես շարունակ»,- ասել է Արման Թաթոյանը։

Նա խոսել է նաև գյուղմթերքի մթերման հետ կապված խնդիրների մասին՝ ընդգծելով, որ անթույլատրելի է այն իրավիճակը, երբ գյուղացին մնում է միայնակ իր դժվարությունների առաջ և ստիպված է անհավասար պայմաններում բանակցել խոշոր մթերողների հետ։ Թաթոյանը շեշտել է, որ պետությունը պետք է աջակցի գյուղացուն նաև մթերումների կազմակերպման և արդար պայմանների ապահովման հարցում։

Վարչապետի թեկնածուի գնահատմամբ՝ գյուղատնտեսության զարգացումն ու գյուղացու իրավունքների պաշտպանությունը պետք է դառնան պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։