Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին, որն այժմ Բաքվի բանտում է, առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թվականի մրցանակի։
Թեկնածությունն առաջադրվել է՝ հիմք ընդունելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նրա գործունեությունն ու մարդասիրական նախաձեռնությունները։
«Մենք՝ աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հայ մարդասեր Ռուբեն Վարդանյանին առաջադրել ենք Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի:
Այս առաջադրումը հիմք է ընդունում Ռուբենի նշանակալի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը՝ բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում (Արցախում)։ Մենք խորապես հավատացած ենք, որ Ռուբեն Վարդանյանն իրավամբ արժանի է այս մրցանակին»,-ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները շեշտել են, որ «Ավրորա» նախաձեռնությունը, որը համահիմնադրել են Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը և Վարդան Գրեգորյանը, հնարավորություն է տվել աջակցել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բազմաթիվ ծրագրերի և օգնել հազարավոր մարդկանց աշխարհի տարբեր երկրներում։
Նրանք ընդգծել են նաև, որ Վարդանյանը Լեռնային Ղարաբաղում հանդես է եկել որպես տեղի բնակչության իրավունքների պաշտպան և փորձել է նպաստել երկխոսությանն ու փոխըմբռնմանը։
Հայտարարության մեջ հիշատակվել է նաև, որ ներկայում Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվում և, ըստ հայտարարության հեղինակների, դատապարտվել է շինծու մեղադրանքներով։ Նրանք համոզմունք են հայտնել, որ մրցանակի շնորհումը կարող է կարևոր քայլ դառնալ նրա և Բաքվում պահվող մյուս հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։
Հայտարարությանն ստորագրել են տարբեր երկրների իրավապաշտպաններ, բժիշկներ և հասարակական գործիչներ, այդ թվում՝ գրող, թրաֆիքինգի դեմ պայքարի աջակից, գլոբալ էներգիայի հարցերով խորհրդատուՎահան Զանոյանը, բուրունդիացիիրավապաշտպան, Maison Shalom խնամքի տան հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, ամերիկացի բժիշկ և մարդասեր, Սուդանի Նուբա լեռներում գործող«Գթության Մայր» հիվանդանոցի հիմնադիր Թոմ Քաթինան, իրավապաշտպաններ Ջուլիեն Լուսենգեն և Միրզա Դինային։
Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակը հիմնադրվել է 2013 թվականին և ամեն տարի շնորհվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բացառիկ գործունեության համար։





