AM
19 Մայիս 2026 - 08:33 AMT

Մամեդով. Հունիսի 7-ից հետո ՀՀ-ում կփոխեն սահմանադրությունը և կանցկացնեն հանրաքվե

Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրություններից հետո, երբ հանրաքվեի միջոցով «կփոխվի Սահմանադրությունը և կվերացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները», կստորագրվի խաղաղության պայմանագիրը, հայտարարել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը թուրքական հեղինակավոր «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցում:

Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան վարում են փոխհամաձայնեցված քաղաքականություն, և Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար, գրում է Radar Armenia-ն:

«Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Հունիսի 7-ի ընտրություններից հետո նրանք կփոխեն սահմանադրությունը և կանցկացնեն հանրաքվե։ Տարածքային պահանջների լուծումից հետո կստորագրվի ԱՄՆ-ում նախաստորագրված խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Դրանից հետո կբացվեն Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները»,- ասել է նա։

Ադրբեջանցի դիվանագետը նաև նշել է, որ կողմերն այժմ փոքր քայլերով են առաջ շարժվում. մասնավորապես՝ Ադրբեջանն արդեն առևտրային կապեր է հաստատել Երևանի հետ՝ «ապահովելով նրա էներգետիկ անվտանգությունը նավթի ու վառելիքի մատակարարումներով», ինչպես նաև աջակցելով Ղազախստանից ու Ռուսաստանից ցորենի և այլ արտադրանքի տեղափոխմանը։

Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել էր 1993 թվականին Ղարաբաղյան հակամարտության պատճառով, իսկ հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2020 թվականին։