AM
20 Մայիս 2026 - 07:54 AMT

Փաշինյան. Շուտով Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական

Շուտով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շնողում հանդիպման ժամանակ, հայտնում է Factor.am-ը:

«էդ Գուլոյան-Ծառուկյան (Կարապետ Գուլոյանը, որը եղել է Կոտայքի մարզպետը, Ծառուկյանի փեսան է՝ խմբ. ) մաֆիան դեռ նոր պտի իրա հատուցմանը հասնի: Ես ինչպես 2021 թվին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ՝ շատ շուտով Ծառուկյանի՝ ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը:

Որովհետև էդ Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է և ՀՀ կառավարությունը արդեն իսկ գրություն է ստացել դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման: Եվ առաջիկայում, շատ արագ, մենք ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, էնպես էլ «Արարատցեմենտում» ենք նշանակելու կառավարիչ»,- նշել է նա։

Փաշինյանը հավելել է, որ Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին «շնորհավորում է ազատագրման առիթով»:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։