AM
20 Մայիս 2026 - 12:56 AMT

Ծառուկյան․ Ուզում են Ադրբեջանի ցեմենտը Հայաստան մտնի

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ագարակում ընտրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով «Արարատցեմենտը» պետականացնելու մտադրության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է, որ դա Ադրբեջանի նախագահի պահանջն է:

«Ալիևի պահանջն է։ Երբ վագոններն Ադրբեջանից գալիս են բենզինով, հիմա ուզում են Ադրբեջանի ցեմենտը Հայաստան մտնի։ Ալիևն ինչ պահանջ դնի, մեր վարչապետը պիտի կատարի, չկատարի, ասում է՝ պատերազմ կլինի։ Այսօր այս վիճակում ենք։ Այսօր երկրի խնդիրը Նիկոլն ու Ալիևն են»,-ասել է Ծառուկյանը, հայտնում է Panorama.am-ը:

Հարցին, անակնկա՞լ էր «Արարատցեմնետն» իրենից վերցնելու Փաշինյանի հայտարարությունը, Ծառուկյանն արձագանքել է, որ իրեն տեղյակ պահել էին։

«Ինձ համար անակնկալ չէր, ինձ տեղյակ պահել էին․․․Նիկոլ Փաշինյանի ցնցումների մեջ ընկնելը վախի նշան է, որ ամեն ինչ կորցնում է»,- ասել է նա:

Նրա համոզմամբ՝ եթե մարդը վստահ լիներ, ապա շատ հանգիստ և ժպիտով կխոսեր։

Ավելի վաղ Լոռու մարզի Շնող համայնքում ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ «Արարատցեմենտ» գործարանը, դառնալու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև այնտեղ նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։

Գլխավոր դատախազությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում:

Դատախազությունը մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը: