AM
21 Մայիս 2026 - 06:53 AMT

Գալուզին. Մոսկվան չի կարող ընդունել Երևանի գիծը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում

Մոսկվան չի կարող ընդունել պաշտոնական Երևանի որդեգրած գիծը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում, ըստ որի՝ անդամակցությունը պահպանում են, քանի դեռ չի հաջողվել անդամակցել Եվրամիությանը, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ ԱԽ հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Իհարկե, Մոսկվայում չեն կարող ընդունել այն գիծը, որն այսօր վարում է Հայաստանի ղեկավարությունը, այն է՝ Եվրասիական տնտեսական միությունում անդամակցությունը պահպանելու քաղաքականությունը մինչև, այսպես ասած, Եվրամիության անդամակցությանը անցնելը: Նման մոտեցումները չեն կարող մեզ բավարարել, նման մոտեցումները մեզ համար բացարձակապես անընդունելի են»,-ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Գալուզինը նաև հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ու ԵԱՏՄ հետագա զարգացման վերաբերյալ փաստաթղթերը՝ մինչև 2030 և 2045 թվականները։

«Այդտեղ հստակ նշված է, որ Հայաստանը, ինչպես նաև միության մյուս անդամները, պարտավորվում են կատարել պայմանագրի դրույթները, պարտավորվում են թույլ չտալ գործողություններ, որոնք կարող են վտանգի տակ դնել կամ խոչընդոտել եվրասիական տնտեսական ինտեգրմանը»,- նշել է նա։

ՌԴ ԱԳՆ փոխնախարարը հավելել է, որ երկու միություններում միաժամանակ գտնվելը սկզբունքորեն անհնար է։

«Միաժամանակ երկու միությունում գտնվելն անհնար է։ Ինչպես ասում են՝ Հայաստանը չի կարող միաժամանակ երկու հարսանիքում պարել»,- հավելել է Գալուզինը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նա նաև նշել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը հիմնականում պոպուլիստական կարգախոս է, որը Բրյուսելը կիրառում է տարբեր երկրների նկատմամբ։ Նրա խոսքով՝ նման մոտեցումներ նախկինում կիրառվել են Ուկրաինայի և Մոլդովայի պարագայում, իսկ այժմ օգտագործվում են նաև Հայաստանի նկատմամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում նշել է, որ Եվրամիության և ԵԱՏՄ մաքսային միություններում միաժամանակ գտնվելը հնարավոր չէ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ևս հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են «երկու աթոռի վրա նստել», ինչը վնասում է ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Մայիսի 9-ին Պուտինն առաջարկել է Հայաստանի՝ ԵՄ-ին առնչվող ծրագրերը քննարկել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի ընթացքում։