ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հերքել է հայկական լրատվամիջոցում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե ռուս դիվանագետները գործում են Հայաստանի շահերի դեմ՝ անվանելով դա «ֆեյք և պարսավանք»: Նրա խոսքով՝ նման հրապարակումները նպաստում են Ռուսաստանի դեմ «շպիոնամանիայի» տարածմանը։
Նա նաև հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը երբևէ չի ունեցել ՌԴ քաղաքացիություն, հայտնում է Sputnik Արմենիան:
«Վերջերս հակառուսական ուղղվածություն ունեցող տեղեկատվական ռեսուրսներից մեկում հրապարակվել է բացահայտ զրպարտչական նյութ, որը որևէ առնչություն չունի իրականության հետ, թե իբր Երևանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները և դիվանագետները զբաղվում են Հայաստանի շահերի դեմ ինչ-որ անթույլատրելի գործունեությամբ»,- ասել է նա ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ դիվանագիտական ներկայացուցչության բնականոն գործունեությունը և «1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայով ամրագրված գործառույթների իրականացումը» խեղաթյուրված ու միտումնավոր ներկայացվում են որպես անթույլատրելի գործունեություն։
ՌԴ ԱԳՆ փոխնախարարը վստահեցրել է, որ Մոսկվան պատշաճ արձագանք է տալու նման հրապարակումներին։ Նա նաև նշել է, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը հակասում են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն և պարունակում են այդ հարաբերությունների համակարգային փոփոխության վտանգ։
Գալուզինի խոսքով՝ ռուսական կողմը նախկինում ևս «բացարձակ անկեղծ գործընկերային ձևով» այդ մասին խոսել է հայկական կողմի հետ։ Նրա խոսքով՝ այս թեմայով վերջին քննարկումը տեղի է ունեցել Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։
Դիվանագետը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ չի փոխվել։
«Հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է, և Ռուսաստանը միշտ օգնել է եղբայրական հայ ժողովրդին, միշտ եղել է նրա կողքին»,- հայտարարել է Գալուզինը։
Մայիսի 16-ին «Փաստերի ստուգման հարթակը» (FIP) հայտարարել է, որ ստացել է «փաստաթղթերի փաթեթ, որը վկայում է եվրոպական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ռուսական շրջանակների համակարգված քաղաքական և տեղեկատվական ազդեցության գործողությունների մասին»։ Ըստ հրապարակման՝ փաստաթղթերը ենթադրաբար արտահոսել են հաքերային հարձակման հետևանքով և ներառում են Social Design Agency (SDA) գործակալության փաստաթղթեր, նամակագրություններ, սքրինշոթեր, հաշվետվություններ և այլ նյութեր։
Նշվում էր, որ SDA-ն փաստացի գործում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի ենթակայությամբ։ Հրապարակման համաձայն՝ նյութերում առկա են Հայաստանում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Գերմանիայում, Մոլդովայում, Ֆինլանդիայում և Նորվեգիայում արդեն իրականացված և ծրագրված տեղեկատվական արշավների սխեմաներ և հաշվետվություններ։





