Երևանում առաջին անգամ անցկացվել է Ախուրյան և Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման հարցերով Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը, կնքվել են փաստաթղթեր, հայտնում է «Ջրային կոմիտեն»:
«Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում անցկացվել է «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ, սակայն չի նշվում, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:
Թուրքիան դասվում է ջրի պակաս ունեցող երկրների շարքին և արդեն 2030-ին կարող է պաշտոնապես ճանաչվել ջրի կրիտիկական պակասով երկիր:





