AM
21 Մայիս 2026 - 10:49 AMT

Պապոյան. «Ռոսսելխոզնադզորից» ծաղիկների մասով պաշտոնական գրություն չենք ստացել

Կառավարությունը «Ռոսսելխոզնադզորից» պաշտոնական որևէ գրություն չի ստացել Հայաստանից ծաղիկների արտահանման ժամանակավոր սահմանափակման վերաբերյալ, նիստից հետո ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնելու Հայաստանից մատակարարվող ծաղկային արտադրանքի ներմուծման համար։

«Պաշտոնական գրություն չենք ստացել, այդ պատճառով չենք կարող մեկնաբանել։ «Ռոսսելխոզնադզորից» կան մասնագետներ Հայաստանում, որոնք կոնկրետ այդ ընկերություններում ուսումնասիրություններ են անցկացնում։ Դրանք այն ընկերություններն են, որոնց մուտքը ՌԴ արգելված է, ու եթե դրական եզրակացություն լինի այդ ուսումնասիրությունների արդյունքում, ապա նրանց համար կբացվի արտահանման հնարավորությունը»,– նշել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան:

Պապոյանի համոզմամբ` դրանք ուղղակի ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են։ Նա չի բացառել, որ կան հայաստանյան որոշ ուժեր, որոնք փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները ՌԴ-ում խնդիրների առաջ կանգնեն։

«Նման տեղեկություններ պարբերաբար ստանում ենք, սակայն կարողանում ենք զուգահեռ այդ խնդիրները լուծել»,– ասել է նախարարը։

Ըստ նրա` իրավիճակը կառավարելի է և ռուս գործընկերների հետ ակտիվ աշխատանքներ են ընթանում։

«Մեծ հաշվով մենք խնդիրներ չենք ունենա»,– ասել է նախարարը։

Պապոյանի խոսքով` որպեսզի առաջիկա տարիներին Հայաստանը որևէ շուկայից կախվածության մեջ չլինի, արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացվել են, և այդ առիթով նա նշել է, որ անցած տարի արդեն իսկ դեպի Չինաստան և Եվրամիություն արտահանման ծավալները կրկնապատկվել են։ Այժմ բանակցություններ են վարվում դեպի ԵՄ շուկա վարդ արտահանելու համար։