AM
21 Մայիս 2026 - 11:34 AMT

Վարկերն ու լիզինգը հնարավոր կլինի տեղափոխել այլ բանկ՝ պահպանելով սուբսիդավորումը

Վարկերն ու լիզինգը հնարավոր կլինի տեղափոխել այլ բանկ՝ պահպանելով սուբսիդավորումը: Այդ մասին որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Արտադրողականության խթանման նպատակային ծրագրում»՝ գործիքակազմի արդիականացման և դրա արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված, առաջարկվել է լավարկումներ իրականացնել։

Ըստ այդմ՝ առաջարկվել է ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի տրամադրել հնարավորություն գործող վարկային կամ լիզինգային պարտավորությունը մեկ անգամ մեկ ֆինանսական կազմակերպությունից այլ ֆինանսական կազմակերպություն տեղափոխել վերաֆինանսավորման համար, հայտնում է 1lurer.am-ը:

Պարտավորության տեղափոխման դեպքում պետական սուբսիդավորումը շարունակվելու է ծրագրով սահմանված պայմաններով՝ առանց սուբսիդավորման ընդհանուր ժամկետի երկարաձգման։

«Օրինակ՝ որևէ կազմակերպություն որևէ բանկից վերցրել է վարկ կամ լիզինգ, պայմանական, 12 տոկոսով, որից 8 տոկոսային կետը մենք ենք փոխանցում, բայց եթե ֆինանսական որևէ այլ կազմակերպություն կառաջարկի 10 տոկոսով, էլի մենք մեր 8 տոկոսը կփոխհատուցենք, ինքը կտեղափոխի 12 տոկոսանոց վարկը 10-ի և կվճարի արդեն 2 տոկոսը, նախորդ դեպքում 4 էր վճարելու: Սա լավարկող, նաև մրցակցությունը ավելացնող առաջարկ է»,- ասել է նա։

Առաջարկվել է նաև սուբսիդավորել զբոսաշրջության մասին օրենքով սահմանված հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով ՀՀ մարզերում իրականացվող կապիտալ շինարարությունը ԱԱՀ վճարող կապալառու կազմակերպության ներգրավմամբ, բայց պայմանով, որ ներդրումային նախագիծը համապատասխանում է գործող օրենքին և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն պահանջներին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության առաջնահերթություններին։

«Նշված ուղղության համար վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ժամկետը սահմանվում է մինչև 36 ամիս, իսկ սուբսիդավորման չափը դրամով վարկերի դեպքում նախատեսվել է 8, արտարժույթով վարկերի դեպքում՝ 6 տոկոսային կետով»,- ասել է նախարարը։

Առաջարկվել է նաև սուբսիդավորման նոր ուղղություն, որը վերաբերում է թափոնների մշակմանն ու ոչնչացմանը, նյութերի մշակմանը։ Առաջարկվող ուղղության սուբսիդավորման չափը դրամով վարկերի դեպքում սահմանվելու է 6 տոկոս, լիզինգի դեպքում՝ 8, իսկ արտարժույթով վարկի դեպքում՝ 4 տոկոս, լիզինգի դեպքում՝ 6 տոկոս։

«Վերջինիս շրջանակում առաջարկվում է դադարեցնել կնքվելիք արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության համար նախատեսված համակարգերի ձեռքբերման ուղղությամբ սուբսիդավորումը»,- ասել է նա՝ հավելելով, որ սա ՏԿԵՆ գործընկերների առաջարկով է, և որ գործող պայմանագրերի մասով ստանձնած պարտավորությունները շարունակվելու են կատարվել սահմանված կարգով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով վարկերի՝ բանկից բանկ տեղափոխման գործընթացին, ընդգծել է՝ պետք է վարկի անցման գործընթացը մոնիտորինգի ենթարկել, որպեսզի վարկի տեղափոխման դեպքում այն նպատակային կետից չշեղվի։