AM
22 Մայիս 2026 - 13:05 AMT

Պապոյան. Լարսում կուտակումներ են, քանի որ ՌԴ–ի հետ առևտրաշրջանառությունը մեծացել է

Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումները վկայում են Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության աճի մասին, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում:

Նա արձագանքել է դիտարկմանը, ըստ որի՝ հայ գործարարների բեռնատարները կանգնած են Լարսի անցակետում և չեն կարողանում հատել վրաց-ռուսական սահմանը, ինչի հետևանքով ապրանքները փչանում են, իսկ բիզնեսը ֆինանսական կորուստներ է կրում, հայտնում է Sputnik Արմենիան:

Պապոյանի խոսքով՝ Ռուսաստանի գործընկերների հետ մշտական աշխատանք է իրականացվում, առկա են լավ աշխատանքային հարաբերություններ, և առաջիկա մի քանի օրերի ընթացքում խնդիրները կկարգավորվեն։

«Ընդհանուր առմամբ բոլոր խնդիրների լուծման վերջին օրը հունիսի 7–ն է, մեր գործարարները գիտեն այդ մասին։ Տեխնիկական խնդիրներ են և կապված են նրա հետ, որ շատ մեծ ծավալի արտահանում ու ներմուծում ունենք դեպի Ռուսաստան և այնտեղից մեր երկիր, այսինքն` առևտրաշրջանառությունը մեծացել է, շատ մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս ու գնում մեր երկիր»,– ընդգծել է նախարարը։

Նա նշել է, որ չունի հստակ տվյալներ այն մասին, թե ինչ ապրանքներ են վնասվել վերջին օրերին, սակայն հավելել է, որ բեռնափոխադրումների ընթացքում նման կանգառներ երբեմն լինում են, և դա բնական գործընթաց է։

Պապոյանը անդրադարձել է նաև ռուսական գազի գնին՝ վստահեցնելով, որ այդ հարցում խնդիրներ չկան։

«Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է, որի օրոք գազի գինը չի թանկացել, մնացած բոլոր ղեկավարների օրոք, որոնք իբր թե մոտ են եղել Ռուսաստանի հետ, գազը թանկացել է»,– հայտարարել է նախարարը։

2019 թվականի հունվարին Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը սահմանին թանկացել էր՝ 1000 խորանարդ մետրի դիմաց դառնալով 165 դոլար՝ նախկին 150 դոլարի փոխարեն, սակայն այդ փոփոխությունը չէր անդրադարձել սպառողների սակագնի վրա։